Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երեկ Վանաձորի սրճարաններից մեկում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Հուլիսի 30-ին ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Վանաձորի «Սայաթ-Նովա» զբոսայգում գործող սրճարանում կրակոցներ են հնչել: Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդը Վանաձոր քաղաքի «Սայաթ-Նովա»-ի անվան զբոսայգում գործող սրճարանում «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից արձակել է բազմաթիվ կրակոցներ, որը զուգորդվել է նշված սրճարանում գտնվող անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Քրեական գործը հարուցվել է նույն օրը՝ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք) 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ): Ստեղծվել է քննչական խումբ: 45-ամյա տղամարդը ձերբակալվել է: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նշված ինքնաձիգը՝ մեկ փամփուշտատուփով և 20 փամփուշտներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 18 պարկուճ, 3 գնդակ, 4 փամփուշտ և մեկ դատարկ ինքնաձիգի պահեստատուփ: Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: