Քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շարքային Արկադի Ղամբարյանի մահվան դեպքի առթիվ:
«Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու մարմնական վնասվածքն ստացել է 2017 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»:
Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, փոխանցում է Քննչական կոմիտեն:
Հիշեցնենք, 33-ամյա պայմանագրային զինծառայողի դին՝ գլխի շրջանում ստացած մահացու վնասվածքով, հայտնաբերվել է ուրբաթ օրը ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: