Եվրամիությունը պետք է լրջորեն դիտարկի Միացյալ Նահանգների դեմ հակաքայլերի հնարավորությունը` Ռուսաստանի դեմ սահմանված նոր պատժամիջոցներին ի պատասխան: Այդ մասին այսօր հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Բրիգիտ Ցիպրիսը:
Նրա խոսքով՝ ամերիկյան նոր պատժամիջոցները հարվածում են Ռուսաստանում աշխատող մի շարք եվրոպական, այդ թվում՝ գերմանական ընկերություններին:
«Միանշանակ է, որ ամերիկյան կողմի այս քայլը հակասում է միջազգային օրենսդրությանը: Մենք իհարկե չենք ցանկանում [ԱՄՆ-ի հետ] առևտրային պատերազմ սկսել: Դրա հետ մեկտեղ, շատ կարևոր է, որպեսզի Եվրոպական հանձնաժողովը դիտարկի հակաքայլերի իրականացման հնարավորությունը», - հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը:
Հիշեցնենք՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի հավանությանն արժանացած օրինագծում, որը, ըստ Սպիտակ տան, պատրաստվում է ստորագրել նախագահ Դոնալդ Թրամփը, մասնավորապես նշված է, թե անհրաժեշտ է հակազդել «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի շինարարությանը, որով նախատեսվում է ռուսական գազը Բալթիկ ծովով հասցնել Եվրոպա՝ շրջանցելով Ուկրաինան: