Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների օրինագիծը մտահոգել է Եվրամիությանը


Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Բրյուսելում խորհրդակցության ժամանակ, 26-ը հուլիսի, 2017թ․

Ռուսաստանի դեմ ամերիկյան Կոնգրեսի սահմանած նոր պատժամիջոցները մտահոգել են Եվրամիությանը: Կառույցի գործադիր մարմնի՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը երեկ գործընկերների հետ խորհրդակցելուց հետո հայտարարեց՝ Բրյուսելը կարող է պատասխան քայլեր ձեռնարկել, եթե Ռուսաստանի դեմ այդ սահմանափակումները վտանգի տակ դնեն Եվրամիության էներգետիկ անվտանգությունը:

«Առաջին հերթին Ամերիկան» կարգախոսը չի նշանակում, որ Եվրոպան պետք է հայտնվի վերջին տեղում», - հայտարարել է Յունկերը՝ հավելելով, որ այժմ Բրյուսելը դիվանագիտական բոլոր խողովակներն օգտագործելով քննարկում է Նահանգների հետ նոր պատժամիջոցների հետ կապված մտահոգությունները:

Նախօրեին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն տվեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին, որոնց տակ կարող է հայտնվել ցանկացած երկրի ներդրող, որը կմասնակցի ռուսական գազն արտահանող խողովակաշարերի կառուցմանը: Օրինագծի՝ Ուկրաինայի անվտանգությանը վերաբերող բաժնում, մասնավորապես, հստակ նշվում է, որ անհրաժեշտ է հակազդել «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի շինարարությանը, որով նախատեսվում է ռուսական գազը Բալթիկ ծովով հասցնել Եվրոպա՝ շրջանցելով Ուկրաինան: Ըստ Forbes-ի, եթե այս ծրագիրը իրականություն դառնա, Ուկրաինայի բյուջեի եկամուտները կնվազեն շուրջ 10 տոկոսով:

Բրյուսելում պնդում են՝ դեմ չեն աջակցել Ուկրաինային ու հավատարիմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակմանը, սակայն ոչ սեփական շահերը ստորադասելու գնով: «Միացյալ Նահանգները չպետք է անտեսի Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը», - հայտարարել է Յունկերը՝ հավելելով. - «Ներկայացուցիչների տանն ընդունված օրենքը կարող է անկանխատեսելի և միակողմանի հետևանքներ ունենալ, որոնք կազդեն Եվրամիության շահերի վրա էներգետիկ անվտանգության ոլորտում: Այդ իսկ պատճառով, Եվրահանձնաժողովը որոշել է՝ եթե մեր մտահոգությունները հաշվի չառնվեն ըստ արժանվույն, մենք պատասխան քայլեր կձեռնարկենք հաշվված օրերի ընթացքում»:

Հղում անելով իր աղբյուրներին, Reuters-ը հաղորդում է՝ Բրյուսելում որոշել են, որ եթե դիվանագիտությունը արդյունք չտա, դիմելու են Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ եվրոպական ընկերությունների շահերը պաշտպանելու համար:

Ներկայացուցիչների պալատում ընդունված օրինագիծը դեռ պետք է հաստատվի Սենատում, ապա ներկայացվի Սպիտակ տան վավերացմանը: Գործող վարչակազմն առայժմ չի հստակեցնում՝ նախագահ Թրամփը մտադիր է ստորագրե՞լ այն, թե՞ կիրառել վետոյի իր իրավունքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG