Եվրադատարան արդեն երկու համանման վճիռ է կայացրել Հայաստանի դեմ՝ Բադալյանն ընդդեմ Հայաստանի և Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի գործերով, արձանագրելով, որ նույնանման պատճառաբանություններով և ձևակերպումներով անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը և հետագայում կալանքի տակ պահելու ժամկետի երկարաձգումը Եվրոպական կոնվենցիայի խախտում է և նշել է, որ այս խախտումը Հայաստանում կրում է սիստեմատիկ բնույթ:
«Սա լուրջ ահազանգ է, ժամանակն է, որպեսզի մենք այս հարցով կտրուկ քայլերի դիմենք», - «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի եթերում հայտարարեց նախկինում ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ, այժմ Հայաստանում ամերիկյան համալսարանում Մարդու իրավորնքների Եվրոպական կոնվենցիա դասավանդող Էմիլ Բաբայանը՝ շարունակելով․ - «Եվրոպական կոնվենցիայի պահանջն է, որ կալանքը վերջին հնարավորությունն է: Այսինքն՝ երբ սպառվել են բոլոր այլ հնարավորությունները այս մարդու պատշաճ վարքը ապահովելու համար, միայն դրանից հետո է հնարավոր գնալ կալանքի: Եվրոպական դատարանը պահանջում է, որպեսզի կալանքի որոշման մեջ մենք ունենանք այս վերլուծությունը, թե մյուս խափանման միջոցները կամ այլ հնարավորությունները ինչո՞ւ չեն օգտագործվում և որն է այն հիմնավոր պատճառը, որ մնում է միայն հնարավորություն տանել կալանքի»:
Բաբայանը կարծիք հայտնեց, որ այս պահին քննարկման փուլում գտնվող նոր Քրեական դատավարության օրենսգիրքը կարող է որոշ չափով լուծել խնդիրը, քանի որ այստեղ խափանման նոր, այլընտրանքային միջոցներ կներդրվեն:
Իր հերթին Փաստաբանների պալատի անդամ Տիգրան Աթանեսյանը փաստեց․ - «Իրականում մենք ունենք երկու ընկալվող պատիժ, դա՝ նստեց – չնստեց, կալանավորեցին – չկալանավորեցին: Եթե չեն կալանավորում՝ ստորագրություն, երաշխավորություն, գրավ, ուրեմն պրծավ․․․ նման ընկալում կա, որը պետք է լուծել մի քանի նոր խափանման միջոցների կիրառմամբ՝ ասենք տնային կալանքից սկսած: Մարդու վրա պետք է որոշակի ազդեցություն լինի, և բոլորովին պարտադիր չէ, որ դա լինի կալանքը, այն էլ՝ Սովետաշենում, որը ես դժոխքի մասնաճյուղ եմ համարում»: