Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպությունները 2016-ի հուլիսին լրագրողների դեմ բռնությունների արդյունավետ քննություն են պահանջում


Երևան - Ոստիկանությունը ցրում է Սարի Թաղում հավաքված ցուցարարներին, 29-ը հուլիսի, 2016թ.

Հայաստանյան լրագրողական 9 կազմակերպություններ հայտարարությամբ են հանդես եկել՝ իշխանություններից պահանջելով անաչառություն դրսևորել մեկ տարի առաջ Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ լրագրողների նկատմամբ բռնությունների գործում, պատշաճ արդյունավետությամբ իրականացնել նախաքննությունը և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին։

«Մեկ տարի առաջ` 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը, Երևանի Խորենացի փողոցում գտնվող՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա «Սասնա ծռեր» խմբի հարձակումից հետո երկու շաբաթ տևած դրամատիկ իրադարձությունները հասան գագաթնակետին։ Իշխանությունների ձեռնարկած գործողությունների արդյունքում զինյալները հանձնվեցին, իսկ շարունակական բնույթ կրող հակակառավարական բողոքի ցույցերը ճնշվեցին՝ արցունքաբեր գազի, ձայնալուսային նռնակների և այլ հատուկ միջոցների կիրառմամբ։ Այդ գործողությունների ընթացքում ոստիկանների և նրանց աջակցությունից օգտվող քաղաքացիական հագուստով անձանց հարձակումների թիրախ դարձան նաև տարբեր ԶԼՄ-ների 27 լրագրող և օպերատոր, որոնցից 19-ը ենթարկվեցին ֆիզիկական բռնությունների, 8-ը՝ մասնագիտական գործունեության այլ խոչընդոտումների։ Ընդ որում՝ այս ամենը զուգորդվել է լրատվամիջոցների աշխատակիցների ֆոտո և տեսախցիկները միտումնավոր ջարդելով կամ վնասելով, դրանց հիշողության սարքերն առգրավելով, նկարահանված կադրերը ոչնչացնելով և այլն», - հիշեցնում են հայտարարության հեղինակները:

«Այս դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործն ընթանում է արդեն մեկ տարի, և միայն այն փաստը, որ դրա շրջանակներում տուժող է ճանաչվել 21 լրագրող և օպերատոր, իսկ մեղադրանք է առաջադրվել ընդամենը 9 անձանց, վկայում է, որ Հատուկ քննչական ծառայության ձեռնարկած քայլերը չեն համապատասխանում բռնությունների ծավալներին։ Նախաքննության անընդունելի ցածր արդյունավետության մասին է խոսում նաև այն, որ վերջին 8 ամիսների ընթացքում մեղադրանք է ներկայացվել միայն 1 անձի։ Մինչդեռ համացանցում և ԶԼՄ-ների արխիվներում առկա տեսանյութերում բացահայտ երևում են մի քանի տասնյակ բռնություններ իրականացնողներ», - ասված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Երևանի Մամուլի ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Լրագրողների «Ասպարեզ» ակումբի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան»-ի, Հանրային լրագրության ակումբի, «Լրագրողներ հանուն ապագայի», «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպությունների և Գորիսի Մամուլի ակումբի հայտարարությունում:

«Եվս մեկ անգամ վերհիշելով 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների առնչությամբ լրագրողներին հասցեագրված ՀՀ նախագահի ներողությունը, պահանջում ենք իշխանություններից անաչառություն դրսևորել, պատշաճ արդյունավետությամբ իրականացնել նախաքննությունը և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին՝ անկախ զբաղեցրած պաշտոններից։ Հակառակ դեպքում մենք ստիպված ենք լինելու փաստել, որ Հայաստանում կոծկվում են լրագրողների դեմ ուղղված նույնիսկ լայնածավալ բռնություններն ու խոչընդոտումները», - հայտարարում են 9 կազմակերպությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG