Մատչելիության հղումներ

ՔԿ. 2017-ի առաջին կիսամյակում քննվել է ընտանեկան բռնության 215 քրգործ, 43-ն ուղարկվել է դատարան


Բողոքի ակցիա Երևանում՝ ընդդեմ ընտանեկան բռնության, արխիվ
Բողոքի ակցիա Երևանում՝ ընդդեմ ընտանեկան բռնության, արխիվ

2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 215 քրեական գործ, որոնցից 1-ը՝ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: Այս մասին տեղեկացնում է կոմիտեն՝ նշելով, որ քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը՝ ծեծին։

Ըստ հաղորդագրության, բացի այդ՝ գրանցվել են ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության, երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու դեպքեր և հանցավոր այլ դրսևորումներ։

Կոմիտեն նշում է, որ 215 քրեական գործերից 127-ը վերաբերել է ծեծին, 24-ը՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն, 15-ը՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին, 11-ը՝ սեռական հարաբերությանը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ, 6-ը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն, 6-ը՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն, 5-ը՝ սպանությանը, 4-ը՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն և այլն:

Ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ ընտանիքում կատարված հանցագործություններից 2-ը եղել են մոր, 11-ը՝ հոր, 1-ը` խորթ մոր, 2-ը` խորթ հոր , 2-ը՝ եղբոր/քրոջ, 14-ը` զավակի (այդ թվում՝ որդեգրվածի), 63-ը՝ ամուսնու , 5-ը՝ կնոջ, 4-ը՝ թոռան , 6-ը՝ ամուսնու ծնողների, 5-ը՝ հարսի/փեսայի, 1-ը՝ խնամակալի, հոգաբարձուի կամ խնամատար ծնողի կողմից կատարված:

Կոմիտեն նշում է, որ նախնական քննության փուլում քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 115 անձ, որոնցից 60-ը՝ 18-35 տարեկան, 55-ը՝ 35 տարեկանից բարձր:

Վարույթում գտնվող գործերով որպես տուժող ճանաչվել է 161 անձ, որոնցից 8-ը՝ մինչև 12 տարեկան, 7-ը՝ 12-14 տարեկան, 10-ը՝ 14-16 տարեկան, 2-ը՝ 16-18 տարեկան, 81-ը՝ 18-35 տարեկան, 53-ը՝ 35 տարեկանից բարձր:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 43 քրեական գործ՝ 46 անձի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG