Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊՆ-ը հերքում է Ադրբեջանի ՊՆ և ԱԳՆ հայտարարությունը


ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում

ՀՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարությունը, թե երեկ ամբողջ օրվա ընթացքում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական մարտական դիրքերը, ինչպես նաև խաղաղ բնակավայրերը։

«Հայաստանի զինված ուժերը սահմանի ողջ երկայնքով որևէ գործողություն չեն իրականացրել և նույնիսկ մեկ կրակոց չեն արձակել։ Ավելին. ի տարբերություն Ադրբեջանի նման մշտական գործելաոճի, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը երբեք և որևէ պարագայում նշանառության տակ չեն վերցնում խաղաղ բնակավայրերը, և պնդումները դրանք գնդակոծելու վերաբերյալ պարզունակ ապատեղեկատվություն են, կամ՝ ադրբեջանական կողմի ապագա սադրանքների համար տեղեկատվական նախապատրաստության փորձ», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հայտարարությունում:

ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը նախազգուշացնում է, որ որևիցե սադրանքի պարագայում հայկական կողմը դիմելու է պատասխան կոշտ գործողությունների, և «կոչ է անում զերծ մնալ նոր արկածախնդրություններից, որոնք կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար»։

«Սին մեղադրանքների գործելաոճից խուսափելու լավագույն տարբերակը 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերի անվերապահ կատարումն է, Նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացումն ու միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG