Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները դարձյալ թիրախավորում են բնակավայրերը, Չինարիում երեխաներին ապաստարան են տեղափոխել


Ադրբեջանական զինուժի հրետակոծությունից այրված տներ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերից մեկում, արխիվ

Ադրբեջանի հետ սահմանակից Չինարի գյուղը հերթական վտանգավոր հարվածն է ստացել սահմանի մյուս կողմից։ Գյուղում անգամ ստիպված են եղել մանկապարտեզի երեխաներին մեկ ժամով ապաստարան տանել։

Չինարեցի Տիգրան Վանյանը պատմում է՝ սկզբում դիրքերի, կեսօրից հետո արդեն գյուղի ուղղությամբ են արձակվել ավերիչ ականները։ Նրա այս տարվա աշխատանքը՝ հավաքած ավելի քան 3000 հակ խոտը րոպեների ընթացքում այրվել է։ «Կոմբայնով արտ էի հնձում, իմ արտը: Եկանք տեսանք լրիվ բռնկվել ա: Մի 10-15 րոպեում լրիվ վառվեց, բոլոր գործիքներս էլ հետը»,- պատմում է Վանյանը:

Գյուղապետարանից եկել հաշվարկել են՝ մոտ 12 միլիոն դրամ է կազմել անասնապահությամբ զբաղվող Տիգրանի վնասը։ Վերջինս ասում է, թե այժմ ստիպված է նվազեցնել անասնագլխաքանակը․ «Դե, ընկճվեմ ի՞նչ անեմ, եղածը եղել ա»:

Չինարիի 17-ամյա բնակիչ Աղասի Միրզոյանն էլ կովերի հետևից գնացել ու կրակոցների տակ է հայտնվել։ Ասում է՝ մոտ մեկ ժամ չէր կարողանում դուրս գալ թաքստոցից։ «Քարի հետևն էի, մի կես ժամի չափով կրակեցին, հենց գլուխս հանեցի, որ դուրս գամ գնամ, էլի կրակեցին: Տենց մի ժամի չափով պառկել եմ, հետո մարդ եկավ, իրա հետ դուրս եկա․․․հա, հարմար վախեցա»,- պատմեց երիտասարդը:

Գյուղի մանկապարտեզի դաստիարակչուհի Ալվարդ Ալիփյանը պատմում է. «Երեխաները խաղում էին, երգում էին, պարում էին: Երեխաներին ուրախացնում էի, հետո միառժամանակ՝ երևի մի ժամի չափով կրակոցներ եղան, բայց մենք արդեն ապաստարանում էինք սպասում: Կրակոցներն ավարտվեցին, գնացինք մեր ետճաշիկին, ու էդ արանքում նորից կրակեցին»:

Ամեն անգամ կրակոցների ժամանակ չինարեցիները հիշում են դեռ 90-ականներին կրած իրենց դժվարություններն ու պատմում, թե ինչպես էին թաքնվում թունելների մեջ, ժամեր, անգամ օրեր անցկացնում երեխաների հետ։ «Ես համարում եմ, որ իմ երիտասարդության տարիները, որ էդ թունելներում եմ անցկացրել, համարյա կորցրել եմ»,- ասում է Ալվարդ Ալիփյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG