Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելու եղանակով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ:
Քննչական կոմիտեի հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․ - «Նախնական քննության տվյալներով՝ «Շիրակ» օդանավակայանի թռիչքուղում տեղադրելու նպատակով 2016թ. հունիսի 24-ին ԱՁ-ից հաշիվ-ապրանքագրով ձեռք է բերվել 6 մետաղյա բաշխիչ արկղ, որոնք չեն տեղադրվել և շահագործման չեն հանձնվել: Սակայն, համաձայն կազմված բաշխման արկղերի տեղադրման և շահագործման ակտի՝ դրանք տեղադրվել են Գյումրու «Շիրակ» օդանավակայանի թռիչքադաշտում և հանձնվել շահագործման: Նշված ակտը վավերացվել է «Զվարթնոց» ԱՕԿ ՓԲ ընկերության նախկին տնօրենի և այլ անձանց ստորագրություններով: Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ 2015թ. դեկտեմբերի 11-ին օդանավակայանի համար գնվել է նաև 14 խոնավաչափ և 15 ջերմաչափ, սակայն դրանք ևս չեն արտացոլվել գույքային գրանցման ցանկերում»:
Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի՝ «յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով», և 314-րդ հոդվածի՝ «պաշտոնեական կեղծիք», հատկանիշներով: Մետաղյա բաշխիչ արկղերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։ Նախնական տվյալներով՝ դրանք պահվել են «Զվարթնոց» ԱՕԿ ՓԲ ընկերության աշխատակցի առանձնատան ավտոտնակում, փոխանցում է Քննչկան կոմիտեն:
«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ», - ասված է հաղորդագրությունում: