Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի խորհրդականի դին՝ կապկպված. հարուցվել է քրգործ


Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ։

«Հուլիսի 23-ին Արմավիրի մարզի բնակչուհուց ոստիկանությունում հաղորդում է ստացվել առ այն, որ 2017 թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 22։00-23:00-ի սահմաններում, ամուսինը՝ Մանուկ Սիմոնյանը, դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Նախնական տվյալներով՝ տան բակից Մ. Սիմոնյանին կանչել է մի տղամարդ, ինչից հետո նա դուրս է եկել տանից՝ առանց ասելու, թե ուր է գնում, և այլևս չի վերադարձել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ կապկպված», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի («Սպանություն») 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունը կատարվում է Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու նպատակով։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Սիմոնյանի սպանության հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ, փոխանցում է Քննչական կոմիտեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG