Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի հակառակորդները շատ են, բայց երկպառակտված են, չեն կարող միավորվել. քաղաքագետ


Այսօր իդեալական հնավորություն կա ստեղծել լայն ճակատ՝ թույլ չտալու Սերժ Սարգսյանին 2018-ին դառնալ վարչապետ, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Միքայել Զոլյանը, միևնույն ժամանակ նշելով՝ դրա հավանականությունն այնուամենայնիվ այսօր բավական փոքր է։

«Սերժ Սարգսյանը Հայաստանում ոչ մեծ ժողովրդականություն վայելող առաջնորդ է։ Նա խարիզմատիկ առաջնորդ չէ, որ ժողովուրդն ասի՝ «ոչինչ թող նա տարիներով մնա», Լուկաշենկո չի նա։ Բայց, երբ որ նայում ենք իրականում, թե ովքեր են ընդդիմությունը, ովքեր են իշխանությունը, ինչպիսի քաղաքականություն է վարում Սերժ Սարգսյանը, որպեսզի թույլ չտա այդ ամենը, այսօր ես դրա հավանականությունը բավականին փոքր եմ համարում», - ասաց քաղաքագետ։

Ըստ Զոլյանի, եթե Հայաստանում ինչ-որ բան լինի, ապա ոչ թե ընդդիմության գործունեության արդյունքում կլինի, այլ՝ ներիշխանական զարգացումների։

«Հանրապետականների մեջ էլ բոլորը չեն, որ շատ երջանիկ են, որ Սերժ Սարգսյանը տարիներով կմնա վարչապետ։ Եթե ինչ-որ բան լինի, ապա դա ավելի շատ ոչ թե ընդդիմության գործունեւության հետ կապված կլինի, այլ հենց ներիշխանական զարգացումների՝ կարող է ճեղքում լինել հենց Հանրապետական կուսակցության ներսում։ Մյուս հավանական տարբերակն՝ արտաքին ուժերի ազդեցությունը, որոնք այս կամ այն պատճառով Սերժ Սարգսյանին հասկացնել տան, որ ցանկալի չէ, որպեսզի նա դառնա վարչապետ։ Բայց այսօրվա իրավիճակում ես դա չեմ տեսնում։ Իհարկե իրավիճակը կարող է շատ արագ փոխվել. ավտորիտար համակարգերը, իսկ Հայաստանն այսօր ավտորիտար համակարգ է, նրանք դժվար կանխատեսելի են, թվում է թե այնտեղ կայունություն կա, բայց այդ կայունությունը ամեն օր կարող է աննշան թվացող պատճառով վերանալ», - ասաց քաղաքագետը։

Ըստ Զոլյանի, այսօրվա դրությամբ Սերժ Սարգսյանն իր ուժերի վրա բավական վստահ է։ «Նրա հակառակորդները, կարծում եմ, շատ են, բայց երկպառակտված են, նրանք չեն կարող միավորվել, կամ չեն ուզում միավորվել», - ասաց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG