Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների պաշտպանը «անընդունելի է» համարում պահման պայմանները Նուբարաշենի պատժախցում


Արման Թաթոյանը «Ազատության» ստուդիայում:
Արման Թաթոյանը «Ազատության» ստուդիայում:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարում է, որ վերջին 23 օրերին Գևորգ Սաֆարյանի պահման պայմանները անընդունելի էին իրենց համար։

Չորս օր առաջ Սաֆարյանը փաստաբանի միջոցով հայտարարել էր, որ իր պատժախցում կոյուղաջրեր են հոսում, միջատներ կան, որոնք խայթում են։

Մարդու իրավունքների պաշտպանը այսօր «Ազատության» հետ զրույցում հաստատեց Սաֆարյանի պնդումները․ - «Խոսքը վերաբերում է և՛ խոնավության աստիճանին, և՛ բնական լույսի ներթափանցման աստիճանին, և՛, այո՛, միջատների առկայությանը: Այդ հարցը մեր մշտական ուշադրության կենտրոնում է, և երբ որևէ կալանավորի կամ դատապարտյալի այցելում ենք, առանջնահերթ նշանակություն ունի պահման պայմանները: Այո՛, այդտեղ մեզ համար պահման պայմանները անընդունելի էին»:

23 օր պատժախցում պահելուց հետո «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը երեկ առավոտյան Սաֆարյանին տեղափոխել է իր նախընտրած խուցը։

Արման Թաթոյանը պնդեց, որ իրենք գրեթե ամեն օր այցելել են Գևորգ Սաֆարյանին։ Ակտիվիստին նախապես ցանկանում էին տեղափոխել մի մասնաշենք, որտեղ նրա պնդմամբ իր կյանքին վտանգ էր սպառնում։ Արման Թաթոյանը ասաց, որ Սաֆարյանի այս հայտարարությունըիր համար բավարար էր՝ նրա տեղափոխման հարցով զբաղվելու համար․ - «Եթե մարդը էդպիսի հարց է բարձրացնում, նշանակում է կա էդպիսի [խնդիր]․․․ Մանավանդ եթե հաշվի ենք առնում, որ նա նախկինում պահվել է այդ նույն խցում, չի տեղափոխված եղել: Հիմա մենք հարցադրումներ ենք բարձրացնում․ ասում ենք [քրեակատարողական հիմնարկին, նախարարությանը]՝ ժողովուրդ, մեզ հիմնավորեք խնդրեմ, դուք ինչպե՞ս եք չեզոքացնելու հնարավոր վտանգը, որը նշում է Գևորգ Սաֆարյանը: Մեզ պետք է հակառակը մանրակրկիտ ապացուցվի: Եթե ոչ, նշանակում է մարդը ճիշտ է»:

Թաթոյանը ասաց, որ թեև Սաֆարյանը կոնկրետ անուններ չէր նշել, բայց իրենք խիստ պահանջներ էին ներկայացրել համապատասխան մարմիններին, ինչից հետո էլ նրան տեղափոխել են։

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ իր աշխատակիցները նաև Սաֆարյանի և նոր խցակիցների հետ զրույցներում են համոզվել, որ որևէ խնդիր չկա նոր խցում։

Թաթոյանը փոխանցեց, որ Գևորգ Սաֆարյանի վերջին 23 օրերի պատժախուցը և նմանատիպ այլ պատժախցերը վերանորոգելու կամ դրանք փակելու ուղղությամբ աշխատանքներ ևս հիմա տանում են․ - «Այն, որ դեզինֆեկցիայի անհրաժեշտությունը, և ընդհանրապես այդ միջատների խնդիրը կա այդ խցում, ակնհայտ է»:

Անցյալ տարվա հունվարի 1-ից ճաղերի հետևում հայտնված Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանը ոստիկանին հարվածելու մեղադրանքով երկու տարվա ազատազրկման է դատապարտված։ Բացի այդ, Սաֆարյանը մեղադրվում է նաև 2015-ի թվականի ապրիլին զանգվածային անկարգությունններ հրահրելու փորձի մեջ։

Արման Թաթոյանը ասաց, որ իրենք նաև Սաֆարյանին պատժախուց տեղափոխելու հիմքերի հարցն են բարձրացրել, դիմել են Արդարադատության նախարարությանը․ - «Մեր աշխատանքները այդ ուղղությամբ դեռ շարունակվելու են»:

Անդրադառնալով «Սասնա ծռերի»՝ մոտ մեկ ամիս առաջ դատարանի նկուղում ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու մասին պնդումներով հարուցված գործին, մարդու իրավունքների պաշտպանը ասաց, որ այն իր ուշադրության կենտրոնում է: Իրենք արձանագրել էին վնասվածքները, նշել, որ այստեղ առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ, և ուղարկել համապատասխան մարմիններին՝ հետապնդում սկսելու համար։

«Ազատության» դիտարկմանը, որ փաստաբանները դժգոհ են քրեական գործի ընթացքից, Թաթոյանը արձագանքեց, որ տեղյակ է և քայլեր է ձեռնարկել․ - «Մենք հարցում ենք ուղարկել Հատուկ քննչական ծառայություն՝ հասկանալու համար․․․ Բայց փաստաբանների մտահոգություններին ծանոթ եմ, այդ թվում՝ որպես տուժող ներգրավելու ուշացումների հետ կապված: Դրա համար էլ մենք ուղարկեցինք հարցում»:

XS
SM
MD
LG