Մատչելիության հղումներ

Փաստաբան․ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում


Ժիրայր ՍԵֆիլյանի ղեկավարած «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի փաստաբանն ահազանգում է, թե քրեական տարրերի ներգրավմամբ և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործուն օժանդակությամբ իր պաշտպանյալի նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում:

Պատժախցում 10 օր պահվելուց հետո, ըստ Տիգրան Եգորյանի, իր հին խուցը տանելու փոխարեն Գևորգ Սաֆարյանին առաջարկել են տեղափոխել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի գխավոր մասնաշենք, որտեղ, ինչպես փաստաբանն է ասում, հիմնականում պահվում են քրեական աշխարհի ներկայացուցիչներ։ Մինչդեռ Սաֆարյանը անցած տարվանից պահվում է 6-րդ մասնաշենքում, որը, կրկին փաստաբանի պնդմամբ, հիմնականում հայտնի է որպես քաղաքական գործերով անձանց պահման վայր:

Ակտիվիստը առարկել է տեղափոխվելուն, և դա, ըստ Եգորյանի, մեկնաբանվել է որպես քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվել, ինչից հետո ևս 10 օրով երկարացվել է պատժախցում մնալու ժամկետը:

«2016 թվականի հունվարին Գևորգ Սաֆարյանը կոնկրետ հաշվեհարդարի է ենթարկվել, գործը հասել է ֆիզիկական բռնության: Նա այդ կապակցությամբ հացադուլեր էր հայտարարում և այլն: Խոսքն այն մասին էր, որ այդ աշխարհի տարբեր ներկայացուցիչներ նրան սպառնում էին հաշվեհարդար տեսնել նրա նկատմամբ, և այդ հաշվեհարդարը ըստ հնարավորության իրականացնում էին այն պատճառով, որ Գևորգը իր հրապարակային հասարակական-քաղաքական գործունեության շրջանակներում մասնավորապես արտահայտվել է տարբեր հնչեղ գործերի կապակցությամբ և պահանջներով է հանդես եկել արդար արդյունավետ քննության և հանցագործներին ավելի խիստ պատժելու անհրաժեշտությամբ, այդ թվում նաև Հարսնաքարի գործով և այլն: Եվ այս կապակցությամբ հանցագործ աշխարհի ներկայացուցիչները ասել են, որ դու արտահայտություններ ես արել, որոնք որ մեր կողմից պատժելի են: Եվ մարդիկ իրագործել են այդ սպառնալիքը: Հենց այդ կապակցությամբ որոշում էր կայացվել, ահագին աղմուկից հետո, ահագին միջամտություններից հետո, նրան տեղափոխել էին այնպիսի մասնաշենք, որտեղ հնարավոր կլինի նրա մեկուսացումն ապահովել: Հիմա այսօր փաստորեն վարչակազմը նորից դիմում է այդ հին մեթոդներին, և նրան առաջարկել են տեղափոխվել հիմնական մասնաշենք, որը հենց այդ տարրերով հագեցած մասնաշենք է»:

Փաստաբան Եգորյանը կարծիքով, պատժախցում ևս նրա անվտանգությունը երաշխավորված չէ:

Ի դեպ, Տիգրան Եգորյանի խոսքով, Գևորգ Սաֆարյանին պատժախուց տեղափոխելու համար առիթ է հանդիսացել փոխգնդապետ Ղազարյանի զեկուցագիրը, որ իբր Սաֆարյանը հայհոյել է իշխանություններին և դատարանին:

Արմեն Ղազարյանի անունը, հիշեցնեմ, կապվում է «Սասնա ծռերի» որոշ անդամներին դատարանում ծեծի ենթարկելու աղմկահարույց դեպքի հետ:

«Ըստ Գևորգի, ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս այդ նույն պատժախուց կարող են իջեցնել այդ համապատասխան տարրերին, իբր իրենց ևս պատժախուց տալու շրջանակներում, և արդեն այդտեղ այդ խնդիրները կարող են տեղի ունենալ», - նշեց փաստաբանը:

2016-ի Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 2 տարվա ազատազրկման դատապարտված Գևորգ Սաֆարյանը մեղադրվում է նաև 2015 թվականի ապրիլին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։ Հենց այդ գործի շրջանակներում է մեղադրանք առաջադրված նաև «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը սպասում է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի արձագանքին․ - «Տպավորություն է, որ ընդհանրապես այս համակարգը, արդարադատության ոլորտը անվերահսկելի է: Քրեական տարրեր են վերհսկում: Ուղղակի շատ զարմանալի է, որ այս աղմուկին, այս ահազանգին չի արձագանքում Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա դեռևս պետք է արձագանքեր բռնությունների հետ կապված․ որ իր ենթակայության տակ գնվող կալանավայրից կալանավորներին տանում են և հետո խոշտանգված վերադարձնում են»:

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից «Ազատությանը» փոխանցեցին՝ թե որ խուց կտեղափոխվի Գևորգ Սաֆարյանը, կորոշվի նրա պատժաժամկետն ավարտվելուց հետո՝ հաշվի առնելով նրա անվտանգությունն ու մտահոգությունները:

Սաֆարյանի՝պատժախվում գտնվելու ժամկետը լրանում է հուլիսի 21-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG