Մատչելիության հղումներ

Յոհանես Հան․ Թուրքիան անընդմեջ հեռանում է եվրոպական չափանիշներից


Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանը Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ, 24-ը հուլիսի, 2017թ․
Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանը Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ, 24-ը հուլիսի, 2017թ․

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանը այսօր Բրյուսելում նախատեսված՝ Եվրամիություն-Թուրքիա բարձր մակարդակի երկխոսության շրջանակում հերթական նիստից առաջ Անկարային հերթական անգամ կոչ է արել հարգել մարդու իրավունքները և բոլորին հնարավորություն տալ իրենց կարծիքն արտահայտելու:

Երեկ ասուլիսի ընթացքում Հանը մասնավորապես հայտարարել է, թե Բրյուսելում անհանգստացած են «Ջումհուրիյեթ» թուրքական ընդդիմադիր թերթի հայտնի լրագրողների և նրանց գործընկերների նկատմամբ Ստամբուլում նախօրեին մեկնարկած դատավարությամբ:

Ահաբեկչական կառույցներին աջակցություն ցուցաբերելու մեջ մեղադրվող թուրքական առաջատար պարբերականի աշխատակիցների դատավարությունը, հիշեցնենք, տեղի է ունենում Գերմանիայի և Թուրքիայի միջև օր օրի խորացող լարվածության ֆոնին: Երկու դաշնակից երկրների հարաբերությունները կրկին սրվեցին վերջին շաբաթներին, երբ Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալեց մի խումբ իրավապաշտպանների, որոնց թվում է նաև Գերմանիայի քաղաքացի Պիտեր Շտոյդները: Թուրքիան նրանց ևս մեղադրում է ահաբեկիչներին սատարելու մեջ:

Այսպիսով, ինչպես հայտարարել է Յոհանես Հանը, Եվրամիությանն անդամակցել ցանկացող Թուրքիան «անընդմեջ հեռանում է եվրոպական չափանիշներից»:

«Այն, ինչ տեղի է ունենում Թուրքիայում, շատ մտահոգիչ է, հատկապես երբ գործը հասնում է լրագրողներին և լրատվամիջոցներին: Ես կարող եմ միայն կոչ անել թուրքական իշխանություններին՝ հարգել խոսքի ազատությունը և հնարավորություն տալ բոլորին իրենց կարծիքն արտահայտելու», - ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:

Մեկ տարի շարունակ հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններն ու Թուրքիայի արևմտյան դաշնակիցները խոստորեն քննադատում են երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին նրա կառավարման օրոք մարդու իրավունքների ոլորտում արձանագրվող աննախադեպ հետընթացի համար: Անկարան ոչ միայն չի հետևում կոչերին, այլև հետզհետե ավելի է խստացնում ճնշումները: Անցյալ տարվա ձախողված պետական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում կալանավորվել է 50 հազար մարդ, շուրջ 150 հազարը ձերբակալվել կամ հեռացվել է աշխատանքից: Թուրքիայի լրագրողների միության տվյալներով՝ իշխանությունների կողմից իրականացված զտման արդյունքում երկրում փակվել է 150 լրատվամիջոց, շուրջ 160 լրագրող գտնվում է ճաղերի ետևում:

Այս բռնաճնշումները ի վերջո հանգեցրին Բրյուսելի և Անկարայի հարաբերություններում լարվածության, սակայն Եվրամիության արձագանքը, ինչպես իրավապաշտպաններն են նշում, բավական զուսպ է և անբավարար, քանի որ Թուրքիան իր տարածքում միլիոնավոր միգրանտների է պահում՝ թույլ չտալով նրանց մտնել Եվրամիության տարածք:

Ի տարբերություն Բրյուսելի՝ Եվրամիության առաջատար ու ամենաազդեցիկ անդամ երկրներից Գերմանիան օր օրի ուժեղացնում է ճնշումները Անկարայի նկատմամբ, սպառնալով անգամ սահմանափակել Թուրքիայում գերմանական ներդրումները, վերանայել Անկարային զենք-զինամթերք մատակարարելու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG