Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանը հույս չունի, որ Սարի թաղում լրագրողներին բռնության ենթարկելու դեպքերը կբացահայտվեն


«Հայաստանում չեմ հիշում դեպքեր, որ լրագրողի նկատմամբ բռնության դեպքերով պատժվողներ լինեն, սա կարծես ավանդույթ է», - այսօր «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով անցած տարի այս օրերին Սարի թաղում և Խորենացի փողոցում լրագրողների նկատմամբ գործադրված բռնություններին։

«Որքան ապօրինի և անօրինական է գործում իշխանությունն, այնքան շատ են բռնությունները լրագրողների նկատմամբ, որովհետև լրագրողները հենց նրանք են, ովքեր իրենց մասնագիտական պարտքն են կատարում և ճշմարտությունն են ներկայացնում, իսկ երբ ճշմարտությունը ներկայացնում ես, անտանելի ես դառնում իշխանության համար։ Իսկ մեկ տարի առաջվա ծեծը լրագրողների նկատմամբ, խոսում է այն մասին, որ իշխանությունը չի կարողանում հանդուրժել լրագրողներին և ամբողջ տարվա, ամիսների ընթացքում կուտակում են բացասական էներգիան և առիթի դեպքում նման դրսևորում է ստանում», - ասաց իրավապաշտպանը՝ համոզմունք հայտնելով, որ այս ծեծի դեպքերը չեն բացահայտվելու։

«Պետք է բացահայտել պատվիրատուին, որևէ մեկը չի ուզում գնալ, բռնել և ծեծել լրագրողին, եթե չկա այդ պատվերը: Պատվիրատուն հենց իշխանությունն է, որը նրանց դրդում է և ուղարկում է, որ ծեծեն լրագրողներին, և ոստիկանությունն էլ դա սիրով իրականացնում է։ Միայն իշխանության պատվերով են նման բռնությունները լինում», - ասաց Ալեքսանյանը:

Հիշեցնենք, անցած տարի հուլիսին Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի գրավման օրերին շուրջ երեք տասնյակ լրագրողներ ծեծի ենթարկվեցին։ Դեպքերից շուրջ մեկ տարի է անցել, սակայն որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել:

«Մենք վկայություններից գիտենք, որ դա նպատակաուղղված է եղել՝ լրագրողներին և օպերատորներին մի տեղ են հավաքել և դրանից հետո կիրառել են հատուկ միջոցները: Քաղաքացիական անձինք դա անել չէին կարող: Այնպես որ, մենք շարունակում ենք պնդել, որ այս գործով տասնյակ ոստիկաններ, որոնք չարաշահել են իրենց լիազորությունները, պետք է պատասխանատվության ենթարկվեն», - այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG