Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ հաջորդ տարի վարչապետ դառնալու հնարավորության հարցը Ազգային ժողովում իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը երեք բաղկացուցչի է բաժանում:

«Իրավական էլեմենտ՝ իրավական էլեմենտով, ինձ թվում է, բոլորս հասկանում ենք, որ որևէ պրոբլեմ չկա: Էստեղ գալիս է երկրորդ խնդիրը՝ իշխող ուժի, քաղաքական մեծամասնության որոշման խնդիրն է, և էստեղ ովքեր կլինեն թեկնածուներ և ինչ ընտրություն կկատարվի՝ սա կգա ժամանակը, մենք կհասկանանք բոլորս էլ: Բայց կա նաև երրորդ էլեմենտը, որը արդեն վերաբերում է զուտ անձերին, այդ թվում՝ գործող նախագահին, այսինքն՝ նրա ցանկությունը կամ իր քաղաքական որոշումը իր կարիերայի հետ կապված կամ իր հաջորդ հանգրվանի հետ կապված», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի հուլիսի 23-ի թողարկման ժամանակ ասաց Բեքարյանը՝ շարունակելով․ - «Հիմա, էս բոլոր կոմպոնենտները պիտի դառնան ժամանակի ընթացքում պարզ, և հանրությունը, իհարկե, բնականաբար, ժամանակին այդ ամեն ինչի մասին և՛ տեղյակ կլինի, և՛ գործընթացներին՝ ոչ թե որպես ընտրող, այլ նաև՝ իր հետաքրքրությունը սպառող, կլինի մասնակից»:

Հայաստանում սահմանադրական փոփոխություններով, հիշեցնենք, Սերժ Սարգսյանի համար հնարավորություն է ստեղծվել 2018 թվականի ապրիլի 9-ից՝ իր նախագահական լիազորությունների ավարտից հետո էլ շարունակել ղեկավարել երկիրը իբրև վարչապետ՝ փաստացի երրորդ անգամ ստանձնելով երկրի ղեկավարի պաշտոնը:

Այդ հարցի նկատմամբ հանրության հետաքրքրությունը, Կարեն Բեքարյանի խոսքով, «լրիվ հասկանալի է, բայց կա նաև հարցի երկրորդ կողմը»․ - «Եթե, օրինակ, մենք հիմա փորձենք առաջ ընկնել, անցնել հինգ տարի հետո և այլն, և երբ որ մնա մեկ տարի կամ մի քանի ամիս՝ երկրի նոր կառավարման համակարգի ներքո վարչապետի թեկնածության խնդրին, անկեղծ Ձեզ ասեմ՝ չեմ կարծում, որ հանրության հետաքրքրությունը ավելի քիչ կամ թույլ կլինի՝ ելնելով այն հանգամանքից, որ արդեն չկա էդ էլեմենտը՝ գործող նախագահ և անցման հնարավորություն: Այսինքն, հանրության հետաքրքրությունը և հետաքրքրությունը ընդհանրապես առաջին հերթին հիմնավորվում է հենց նրանով, որ արդեն վարչապետը փաստացի երկրի գլուխ լինելու ֆունկցիաներն է, համենայն դեպս, այդպիսին, խորհրդարանական համակարգի բոլոր տված հնարավորություններով: Ես չէի դա կապի միայն նրանով, որ կա նախագահի հնարավոր առաջադրման խնդիրը և այլն»:

«Բայց, օրինակ, Դուք բացառում ե՞ք, որ նախագահը պարզապես կարող է շարունակել լինել կուսակցության ղեկավար, և կա, ի վերջո, գործադիր մարմին՝ հանրապետականների ղեկավար մարմինն է դա, որը նախագահում է Սերժ Սարգսյանը, և կուսակցության նախագահ իբրև՝ նա կարող է ղեկավարել երկիրը նաև այդ լիազորություններով, այդ պաշտոնում», - այս հարցին էլ իշխող կուսակցության խմբակցության պատգամավորն արձագանքեց․ - «Տեսեք, չեմ բացառում սցենարներից և ոչ մեկը՝ իրապես չեմ բացառում, որովհետև էդ սցենարներին կարող ես նաև տեսանկյունից դիտել հավանականային, եթե գոնե այդ հարցի շուրջ կուսակցության մեծամասնության ներսում քննարկումներ սկսված լինեն․ քննարկումներն էլ սկսված չեն, և, հետևաբար, որևէ սցենար բացառել՝ իրականում դա ճիշտ չի լինի»:

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի հուլիսի 23-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG