Մատչելիության հղումներ

Էրդողանի հավաստմամբ՝ Թուրքիայում գերմանական ընկերությունների գործունեությունը չի սահմանափակվի


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Չնայած Գերմանիայի հետ հարաբերություններում ծագած հերթական ճգնաժամին՝ Թուրքիան չի պատրաստվում սահմանափակել երկրի տարածքում գործող գերմանական ընկերությունների գործունեությունը: Այս մասին կիրակի օրը Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Նա լրագրողներին էր հանդիպում Պարսից ծոցի պետություններ երկօրյա այցից առաջ:

«Գերմանական ընկերությունների դեմ նման գործողություններ չեն լինի: Ի վերջո, կան որոշ գերմանական ընկերություններ, օրինակ՝ Siemens-ը կամ Bosch-ը, որոնք ավելի քան մեկ հարյուրամյակ է ինչ աշխատում են Թուրքիայում տարածքում: Արդյո՞ք մենք նրանց դեմ ճնշումներ ենք նախատեսում` իհարկե ոչ: Որևէ մեկը չպետք է կեղծ լուրերի վրա հիմնվի և դրանցից ելնելով սպառնալիքներ հնչեցնի: Քաղաքական գործիչներին նման պահվածքը սազական չէ», - ասում էր Էրդողանը:

Խոսելով «կեղծ լուրերի» մասին՝ Թուրքիայի նախագահն, ըստ ամենայնի, նկատի ուներ գերմանական Die Zeit պարբերականում օրերս հայտնված հրապարակումը, ըստ որի՝ Թուրքիայի իշխանությունները պաշտոնական Բեռլինին գերմանական 68 ընկերություններից կազմված մի ցանկ են ներկայացրել: «Թուրքական կողմի պնդմամբ՝ այդ ընկերությունները կապեր ունեն Միայցալ Նահանգներում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ», - գրում էր Die Zeit-ը:

Այս հրապարակմանը հաջորդեցին գերմանացի քաղաքական գործիչների կոշտ հայտարարությունները: Արտգործնախարար Զիգմար Գաբրիելը, օրինակ, չէր բացառում, որ Բեռլինը Թուրքիայում գերմանական ներդրումների անվտանգությունը կարող է լուրջ կասկածի տակ առնել:

Ռեջեփ Էրդողանի համոզմամբ, այդուհանդերձ, Թուրքիայի հետ լարված հարաբերությունները գերմանացի քաղաքական գործիչները շահարկում են նախընտրական նպատակներով Բունդեսթագի` աշնանը կայանալիք ընտրություններին ընդառաջ:

«Թուրքիայում իրավական գործընթաց է ծավալվել, սակայն Գերմանիայում քաղաքական որոշ գործիչներ փորձում են այս ամենը նախընտրական շուկայի վերածել: Դա մեզ առանձնապես չի մտահոգում: Դրա հետ մեկտեղ, գերմանական մամուլում անձամբ ինձ կամ Թուրքական Հանրապետությունը վիրավորող հրապարակումների առկայությունը աններելի է», - հայտարարում էր Էրդողանը:

Հիշեցնենք՝ թուրք-գերմանական հարաբերությունները կտրուկ կերպով սրվեցին, երբ Ստամբուլի ոստիկանությունը հուլիսի 5-ին ձերբակալեց մի խումբ իրավապաշտպանների, որոնց թվում է նաև Գերմանիայի քաղաքացի Պիտեր Շտոյդները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG