Մատչելիության հղումներ

Ռուսաստանը նախաձեռնում է բլոգեր Լապշինի արտահանձնման գործընթացը


Ալեքսանդր Լապշինը Բաքվում, արխիվ

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը պատրաստ է նախաձեռնել Ադրբեջանում 3 տարվա ազատազրկման դատապարտված՝ ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ռուսաստան վերադարձնելու գործընթաց, եթե նա նման ցանկություն հայտնի: Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Տատյանա Մոսկալկովան էլ հայտարարել է, թե Լապշինի արտահանձնման հարցով այժմ բանակցություններ են ընթանում:

Նախօրեին Բաքվի դատարանը Լեռնային Ղարաբաղ այցելելու համար 3 տարվա ազատազրկման է դատապարտել բլոգերին: Մեղադրողը 6,5 տարվա ազատազրկում էր պահանջել Լապշինի համար: APA լրատվական գործակալության փոխանցմամբ, դատարանը եզրակացրել է, որ բլոգերին առաջադրված՝ մի խումբ անձանց կողմից պետության դեմ արված հրապարակային կոչերի մեղադրանքն ապացուցված չէ, ուստի հանվում է:

Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող Լապշինը ձերբակալվել էր անցյալ տարվա դեկտեմբերին Մինսկում՝ ադրբեջանական իշխանությունների պահանջով: Ձերբակալությունից շուրջ մեկ ամիս անց Բելառուսի իշխանությունները նրան արտահանձնել էին Ադրբեջանին:

Երեկ դատավճռի հրապարակումից հետո Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը հայտարարել է, թե Մոսկվան շարունակելու է պաշտպանել բլոգերի իրավունքները: Լապշինի ազատազրկումը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել մի շարք լրագրողական և իրավապաշտպան կազմակերպություններ:

Մասնավորապես՝ «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» ընդգծել է՝ «Լապշինը չպետք է բանտ նստի վիճահարույց տարածաշրջան այցելելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG