Մատչելիության հղումներ

Ամերիկացի մասնագետները ուսուցում են անցկացնում Հայաստանի հրշեջների համար


Կանզասի ազգային գվարդիայի մի խումբ ներկայացուցիչներ գտնվում են Հայաստանում` հայ հրշեջների հետ առաջին օգնության, փրկարարական մեթոդների կիրառման և վտանգավոր նյութերի հետ աշխատելու ուղղությամբ ուսուցում անցկացնելու նպատակով: Այս մասին հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:

«Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչներին են միացել Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի ռազմաբժշկական կորպուսի և Բրիտանական բանակի 6-րդ հրաձգային գումարտակի ներկայացուցիչները: Մինչև հուլիսի 28-ը նրանք համատեղ դասընթացներ կանցկացնեն Շիրակի մարզի վեց հրշեջ-փրկարարական կայաններում: Հայաստանի և Կանզասի ազգային գվարդիայի 14-ամյա համագործակցության ընթացքում առաջին անգամ է կյանքի կոչվում ռազմա-մարդասիրական նման նախաձեռնություն:

«Կանզասի ազգային գվարդիայի և Հայաստանի միջև ամուր ու կենսունակ հարաբերություններ են ձևավորված, և սա տեղի է ունենում հենց այդ գործընկերության շրջանակում: Սա փորձի փոխանակում է, որից օգտակար դասեր քաղելու ակնկալիքներ ունեն բոլոր ներգրավված կողմերը՝ հայաստանյան մասնակիցները, բրիտանացի բուժանձնակազմը և քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային վտանգների գծով մասնագետ զինծառայողները, կանզասցի գվարդիականները», - ասել է Կանզասի ազգային գվարդիայի օդուժի մայոր Դոնալդ Հարպերը, ով Հայաստանի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերության համակարգողն է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը»,- նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Հուլիսի 28-ին փորձի փոխանակման և ուսումնական այս բազմակողմ նախաձեռնությունը կամփոփվի վարժանքով, որտեղ հայ հրշեջներն ի ցույց կդնեն այս 10 օրերի ընթացքում ձեռք բերած հմտությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG