Մատչելիության հղումներ

«Մարմնավաճառի» տանը երիտասարդից դանակի սպառնալիքով գումար են հափշտակել


Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են հուլիսի 15-ին Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

«Հուլիսի 15-ին քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է ոմն Միլենայի հետ, ով ներկայացել է որպես մարմնավաճառ և պայմանավորվածություն ձեռք բերել՝ համապատասխան վարձատրության դիմաց սեռական հարաբերություն ունենալ: Ըստ ձեռք բերված համաձայնության՝ երիտասարդը հուլիսի 15-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, այցելել է Միլենայի մատնանշած՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանը, որտեղ տեսել է կանացի հագուստով երկու անձի։ Հասկանալով, որ վերջիններս իրականում տղամարդիկ են՝ երիտասարդը փորձել է անմիջապես հեռանալ, սակայն բնակարանում գտնվող անձինք դանակի գործադրման սպառնալիքով իրենից հափշտակել են գումար, որից հետո միայն թույլ տվել հեռանալ», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով՝ «ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ», ինչի համար սահմանված է 6-10 տարվա ազատազրկում: Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ: 21-ամյա քաղաքացին ճանաչվել է տուժող։

«Արդյունքում պարզվել են ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են արական սեռի քաղաքացիներ՝ ծնված 1998 թվականին և տուժողի մատնանշած բնակարանում բնակվում են վարձակալական հիմունքներով: 19-ամյա երիտասարդների նկատմամբ՝ որպես կասկածյալի, խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նրանք հարցաքննվել են և ցուցմունք տվել դեպքի շուրջ», - փոխանցում է Քննչական կոմիտեն:

Նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG