Մատչելիության հղումներ

Հոգեբանի մահվան դեպքով հետախուզում է հայտարարվել. ՔԿ


Լուսանկարը՝ հոգեբան Ռուբեն Պողոսյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ հոգեբան Ռուբեն Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան դեպքով հետախուզում է հայտարարվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի նկատմամբ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

Կոմիտեն նշում է, որ քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պրոֆեսորին իր աշխատասենյակում ծանր մարմնական վնասվածք է պատճառել հոգեբանական կենտրոնի այցելու, 1983 թվականին ծնված Հ. Համբարձումյանը:

«Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը հուլիսի 20-ին որոշում է կայացրել նրան որպես մեղադրյալ ներգրավել՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 14-րդ կետերով և որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է: Հ.Համբարձումյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում», - ասված է հաղորդագրությունում:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք՝ երեկ Քննչական կոմիտեն հայտնեց, որ հուլիսի 17-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել առ այն, որ «դեմքի կտրված վերք, բազմաթիվ կտրված վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, հոգեբանական կենտրոնի հոգեբան Ռուբեն Պողոսյանը։ Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Պողոսյանին մարմնական վնասվածքները պատճառվել են վերջինիս աշխատասենյակում՝ դոկտոր-պրոֆեսորի այցելուներից մեկի կողմից՝ սուր-կտրող առարկայով»։

Պողոսյանը հիվանդանոցում մահացել է։

Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG