Մատչելիության հղումներ

ՔԿ․ Քննություն է տարվում՝ պարզելու հոգեբան Ռուբեն Պողոսյանի մահվան հանգամանքները


Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հոգեբան, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Հուլիսի 17-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել առ այն, որ «դեմքի կտրված վերք, բազմաթիվ կտրված վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, հոգեբանական կենտրոնի հոգեբան Ռուբեն Պողոսյանը՝ ծնված 1947թ.: Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ռ. Պողոսյանին մարմնական վնասվածքները պատճառվել են վերջինիս աշխատասենյակում՝ դոկտոր-պրոֆեսորի այցելուներից մեկի կողմից՝ սուր-կտրող առարկայով», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի («Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը») 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որը այսօր վարույթ է ընդունվել ՔԿ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Այսօր թիվ 1 համալսարանական հիվանդանոցից տեղեկացրել են, որ Պողոսյանը հիվանդանոցում մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ հայտնաբերել և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, հաղորդում է Քննչական կոմիտեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG