Մատչելիության հղումներ

Կառավարությունը հավանություն տվեց հայ-ռուսական զորախմբի համաձայնագրին


Վիգեն Սարգսյանի և Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունների բանակցությունները Մոսկվայում: 30-ը նույեմբերի, 2016 թ․
Վիգեն Սարգսյանի և Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունների բանակցությունները Մոսկվայում: 30-ը նույեմբերի, 2016 թ․

Կառավարությունն այսօր հավանություն տվեց հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագիրը վավերացնող օրենքի նախագծին:

Որպեսզի ցանկացած միջազգային պայմանագիր, համաձայնագիր վավերացվի Ազգային ժողովի կողմից, խորհրդարանը պետք է օրենք ընդունի՝ կառավարության առաջարկությամբ, ուստի գործադիրն այսօր հանդես եկավ համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ:

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Սերգեյ Շոյգուն անցած տարվա նոյեմբերի 30-ին Մոսկվայում կնքեցին երկու երկրների զինված ուժերի միացյալ խմբավորման ստեղծման մասին համաձայնագիրը:

Ըստ փաստաթղթի, միացյալ խմբավորման խնդիրն է Հայաստանի և Ռուսաստանի դեմ զինված հարձակման անմիջական նախապատրաստման ժամանակին բացահայտումն ու դրա հետ մղումը:

Համաձայնագիրը մանրամասնում է, որ զորախմբի խնդիրներից են՝ Հայաստանի և Ռուսաստանի պետական սահմանի ցամաքային մասի պաշտպանությունը, այդ թվում` ՀԱՊԿ ուժերի և միջոցների հետ համատեղ, օդատիեզերական տարածությունում Հայաստանի և Ռուսաստանի պետական սահմանի ծածկապաշտպանությունը, հակաօդային պաշտպանությունը, զբաղեցրած շրջանների, տեղանքի սահմանագծի, դիրքերի և օբյեկտների պահումը, երկու երկրների զինված ուժերի փոխգործակցությամբ հակառակորդի ներխուժած զորքերի խմբավորումների ջախջախումը և այլն:

Միացյալ խմբավորման կառավարման համար ստեղծվում է միացյալ հրամանատարություն, որը գլխավորում է միացյալ խմբավորման հրամանատարը: Վերջինիս նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը` համաձայնեցնելով Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ:

Խաղաղ ժամանակ միացյալ խմբավորման հրամանատարը ենթարկվում է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, իսկ ագրեսիայի անմիջական սպառնալիքի ժամանակաշրջանում և պատերազմի ժամանակ՝ ստեղծվող իրավիճակից կախված` Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին կամ Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարին՝ Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների որոշմամբ:

Վերլուծաբան Արմեն Գրիգորյանի խոսքով, դեռևս 1992 թվականին կնքված, այնուհետև ՀԱՊԿ հիմքում դրված պաշտպանական պայմանագիրն ու 1997 թվականի հայ-ռուսական դաշնակցային պայմագիրը լիովին բավարար են Հայաստանի անվտանգության ապահովման համար:

«Կարծում եմ, որ որոշումը ոչ թե գալիս է Երևանից, այլ ավելի շատ Մոսկվայից է գալիս, որովհետև իսկապես այն, ինչը կա, ինչը գործում է, այն համակարգը ՀԱՊԿ շրջանակներում, ինչպես նաև Ռուսաստանի զորամիավորումը, որը գտնվում է Հայաստանում, դրանք բավարար միջոց էին Հայաստանի տարածքը պաշտպանելու համար: Սակայն Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում երևի ավելի շատ ուժեղացնելու համար հավելյալ զորամիավորում են ցանկանում ունենալ»:

Գրիգորյանը հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ, նաև երբ հարձակման են ենթարկվում Հայաստանի Տավուշի մարզի բնակավայրեր ո՛չ ՀԱՊԿ, ո՛չ հայ-ռուսական դաշնակցային պայմանագրերը փաստորեն չեն գործում, և որևէ երաշխիք չկա, որը նմանատիպ անգործության չի մատնվի հայ-ռուսական միացյալ զորախումբը․ - «Եթե ինքը ազդեցություն ունենա, պետք է, օրինակ, Տավուշի մարզում ոտնձգությունները Ադրբեջանի կողմից նվազեն կամ գոյություն չունենան: Նույն պարտականությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում կա, որ այսպես կոչված՝ համատեղ պաշտպանել անդամ երկրների տարածքային ամբողջականությունը: Բայց նույն դեկտեմբերի հարձակման ժամանակ 2016 թվականին, երբ որ Տավուշի մարզում հարձակում է եղել, արձագանք չի եղել»:

Հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագրի վավերացման գործընթացը Ռուսաստանում մի փոքր շուտ է մեկնարկել: Հուլիսի 14-ին համաձայնագիրը վավերացրել է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Պետդուման, իսկ երեկ նույնը արեց վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը:

Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով, ներկայիս համաձայնագիը կրում է ֆորմալ բնույթ, որովհետև միացյալ զորախումբը, իրականում, գործում է 2000-ականների սկզբից․ - «Այս համաձայնագիրը՝ հայաստանյան ու ռուսաստանյան զինված ուժերի փաթեթային փոխգործակցության ձևաչափերից մեկն է, որը թույլ է տալիս ապահովել Հայաստանի անվտանգությունը Թուրքիայի ուղղությամբ: Այսինքն, հայկական բանակի կորպուսներից մեկը փոխգործակցում է այստեղ տեղաբաշխված ռուսական ուժերի հետ: Այդ ողջ փաթեթը՝ ՀԱՊԿ պայմանագիրը, հայ-ռուսական դաշնակցային պայմանագիրը և այս համաձայնագիրը, թույլ է տալիս է որոշակի անվտանգություն ապահովել Հայաստանի համար, և թույլ է տալիս Երևանին կենտրոնանալ ղարաբաղյան ուղղությամբ, որը ներառված չէ հայ-ռուսական պայմանավորվածություններում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG