Վրաստանի հետ բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների վերականգնումը բխում է Ռուսաստանի շահերից, Դաշնության խորհուրդը պատրաստ է միանալ այդ աշխատանքին, երեկ հայտարարել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն։
Հուլիսի 11-ին Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչները 2008 թվականի ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո առաջին անգամ այցելել էին Ռուսաստանի Պետդումա։ Իր հերթին, Պետդումայի պատվիրակությունը պատրաստվում է այցելել Վրաստան։
«Սա լավ ազդանշան է՝ արտգործնախարարությունների մակարդակով շփումները մշտապես կան, կա երկխոսություն, կան խորհրդակցություններ, որոշ միջոցներ են ձեռնարկվում երկկողմ հարաբերությունների բարելավելու համար», - ասել է Մատվիենկոն՝ հավելելով. - «Դաշնության խորհուրդը չի կարող չմասնակցել այս գործընթացին։ Եթե նման առաջարկներ լինեն, մենք պատրաստ ենք միանալ այդ կարևորագույն աշխատանքին»։
Հիշեցնենք՝ հուլիսի 11-ին Պետդումայում ընդունել են Վրաստանի աջակողմյան «Հայրենասերների դաշինք» կուսակցության պատգամավորների պատվիրակությանը, ովքեր հայտնի են ազգայնական՝ մասնավորապես հակաթուրքական հայացքներով։
Վրաց պատգամավորները ռուս գործընկերների հետ, ըստ ռուսական լրատվամիջոցների, քննարկել են վիզային ռեժիմի դյուրացման հարցերը։ Պաշտոնական Թբիլիսին ավելի վաղ չեղարկել է ռուսաստանցիների համար վիզային ռեժիմը, ռուսական կողմը, սակայն, դեռ պահպանում է այն Վրաստանի քաղաքացիների համար։
Վրաց պատգամավորների այցը Մոսկվա նրանց հայրենիքում բուռն քննադատությունների տեղիք է տվել: Վրացական մամուլում տարատեսակ մեկնաբանություններ ու քննադատություններ են հնչում՝ «տխեմալիական դիվանագիտության անհաջող փորձից» մինչև «դավաճանություն»։
Պաշտոնական Թբիլիսին նույնիսկ հայտարարել է, թե տեղյակ չէ պատգամավորների մոսկովյան այցից։
Ռուսաստանն ու Վրաստանը, հիշեցնենք, դիվանագիտական հարաբերությունները խզեցին 2008 թվականին ռուս - վրացական հնգօրյա պատերազմի պատճառով։