Մատչելիության հղումներ

Վրաց պատգամավորները Պետդումայում քննարկել են վիզային ռեժիմի դյուրացման հարցը


Պետդումայի շենքը Մոսկվայում

Պատգամավորների այցը Մոսկվա Թբիլիսիում բուռն քննադատությունների տեղիք է տվել։

Նախօրեին ռուսական լրատվամիջոցները հայտնեցին, որ Պետդումայում ընդունել են Վրաստանի աջակողմյան, ազգայնական «Հայրենասերների դաշինք» կուսակցության պատգամավորների պատվիրակությանը, ովքեր հայտնի են ազգայնական՝ մասնավորապես հակաթուրքական հայացքներով։

Վրաց պատգամավորները ռուս գործընկերների հետ, ըստ ռուսական լրատվամիջոցների, քննարկել են վիզային ռեժիմի դյուրացման հարցերը։

Պաշտոնական Թբիլիսին ավելի վաղ չեղարկել էր ռուսաստանցիների համար վիզային ռեժիմը, ռուսական կողմը, սակայն, դեռ պահպանում է այն Վրաստանի քաղաքացիների համար։

«Մեր այցի գլխավոր նպատակը երկկողմ հարաբերությունները վերակենդանացնելն է, որպեսզի մեր հանդիպումները դառնան հաճախակի, իսկ հարցերը լուծվեն գործնականում, այլ ոչ թե թղթի վրա», - հայտարարել է Վրաստանի խորհրդարանում 150 տեղերից վեցն ունեցող «Հայրենասերների դաշինք» կուսակցության ներկայացուցիչ Գեորգի Լոմիան։

Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և համերկրացիների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն ի պատասխան հայտարարել է, թե ռուսական կողմին մտահոգում է դեպի ՆԱՏՕ Թբիլիսիի ձգտումը։

«Ռուսաստանին անհանգստացնում են զորավարժությունները, որոնք ՆԱՏՕ-ն անցկացնում է Վրաստանի հետ համատեղ։ Դրանք է՛լ ավելի հաճախակի են դարձել, քան Սաակաշվիլիի ժամանակ։ Ամենուր, ուր ոտք են դրել ՆԱՏՕ-ի զինվորները՝ Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում, տարածքային խնդիրներ են առաջացել և արյուն է թափվել», - ընդգծել է ռուսաստանցի պատգամավորը։

Վրաց պատգամավորների այցը Մոսկվա հայրենիքում բուռն քննադատությունների տեղիք է տվել. վրացական մամուլում տարատեսակ մեկնաբանություններ ու քննադատություններ են հնչում՝ «տխեմալիական դիվանագիտության անհաջող փորձից» մինչև «դավաճանություն»։

Ռուսաստանն ու Վրաստանը, հիշեցնենք, դիվանագիտական հարաբերությունները խզեցին 2008 թվականին ռուս - վրացական հնգօրյա պատերազմի պատճառով։

Պետդումայում նշում են, որ սա վրաց խորհրդարանականների առաջին այցն է վերջին տասը տարվա ընթացքում:

Պաշտոնական Թբիլիսին հայտարարում է, թե տեղյակ չէ պատգամավորների մոսկովյան այցից։

«Ռուսաստանի հետ բանակցությունների միակ խողովակները շարունակում են մնալ ժնևյան քննարկումները և Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի պարբերական հանդիպումները», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի եվրոպական ինտեգրման պետական նախարար Վիկտոր Դոլիձեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG