Մատչելիության հղումներ

Փոխատեղումներ Թուրքիայի կառավարությունում


Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմ, արխիվ

Փոխատեղումներ թուրքական կառավարության կազմում․ դրանց մասին չորեքշաբթի օրվա երկրորդ կեսին հայտարարեց Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Մինչ այդ թուրքական կառավարության ղեկավարը նախապես չծրագրված հանդիպում էր ունեցել նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Ուշագրավ է, որ կադրային փոփոխությունների մասին Յըլդըրըմը հայտարարեց հենց նախագահի նստավայրում: Կառավարության ղեկավարի ուղերձը ուղիղ եթերում հեռարձակում էին գրեթե բոլոր թուրքական հեռուստաընկերությունները:

«Այսպիսով, կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում մենք հինգ նոր նախարար ունենք: Կառավարության ևս վեց անդամներ նախարարների կաբինետի շրջանակում նոր լիազորություններով են օժտվել», - հայտարարում էր վարչապետը:

Պաշտոնից հեռացող թերևս ամենահայտնի նախարարը Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Ֆիքրի Իշիքն է, որն այսուհետ զբաղեցնելու է փոխվարչապետի աթոռը: Վերջին ամիսներին Իշիքը ակտիվորեն մասնակցում էր ռուսական արտադրության С-400 տիպի հակաօդային համակարգերի ձեռքբերման շուրջ բանակցություններին` իր պաշտոնանկությունից մի քանի օր առաջ հայտարարելով, թե այս խնդրի շուրջ Մոսկվան ու Անկարան արդեն իսկ համաձայնության են եկել:

Ռուսական արտադրության նորագույն սպառազինության վաճառքի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար Իշիքը հաճախ էր քննադատության ենթարկվում: Al-Jazeera-ին գարնանը տված հարցազրույցում, հակադարձելով այդ քննադատությանը, Թուրքիայի այժմ արդեն նախկին պաշտպանության նախարարը նշում էր․ - «Թե՛ Թուրքիան և թե՛ ողջ Հյուսիսատլանտյան դաշինքը ցանկանում են բնականոն հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ: Տարածաշրջանում և ողջ աշխարհում խաղաղության պահպանման տեսանկյունից դա շատ կարևոր մոտեցում է: Բայց դա չի նշանակում, որ մենք պաշտպանում ենք Ռուսաստանի կողմից վերջին շրջանում ձեռնարկված քայլերը: Ինչ վերաբերում է С-400 համակարգերի ձեռքբերմանը, ապա դա միայն մեկ նպատակ է հետապնդում` պաշտպանել Թուրքիան այն բոլոր վտանգներից, որ կարող են մեզ սպառնալ օդից»:

Կառավարության կազմում իրականացված փոխատեղումների արդյունքում պաշտոնը լքում է նաև արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը: Նա համարվում է 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին հաջորդած լայնածավալ հետապնդումների գլխավոր ճարտարապետներից մեկը:

Ինչ վերաբերում է այն նախարարներին, ովքեր կշարունակեն պաշտոնավարել, ապա հարկ է նկատել, որ կադրային փոխատեղումները որևէ կերպ չանդրադարձան կառավարության արտաքին քաղաքական բլոկի վրա: Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Եվրամիության հետ հարաբերությունների գծով նախարար Օմեր Ջելիքը պահպանեցին իրենց դիրքերը: Կառավարության կազմում կշարունակի աշխատել նաև Էրդողանի փեսան` էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG