Մատչելիության հղումներ

Անկարան 2,5 միլիարդ դոլար կվճարի ռուսական C-400 համակարգեր ձեռք բերելու համար. Bloomberg


Ռուսական C-400 համակարգ՝ տեղակայված Սիրայում, արխիվ

«Բլումբերգ» գործակալությունն ընդգծում է՝ Թուրքիայի համար սկզբունքային է ոչ միայն բուն սպառազինությունը, այլև ձեռք բերվելիք տեխնոլոգիաները, ինչն ապագայում ինքնուրույնաբար նման համակարգ արտադրելու հնարավորություն կտա այդ երկրին:

Թուրքիան համաձայնել է 2,5 միլիարդ ԱՄՆ դոլար վճարել ռուսական հակաօդային պաշտպանության C-400 համակարգեր ձեռք բերելու համար: Հղում անելով թուրքական «բարձաստիճան աղբյուրին», այս մասին գրել է «Բլումբերգ» գործակալությունը։ Գործարքով նախատեսված է Անկարային երկու C-400 համակարգերի տրամադրում, ևս երկուսի արտադրության կազմակերպում հենց Թուրքիայում։ Այսինքն, խոսքը ոչ միայն այդ համակարգերը, այլև դրանց պատրաստման տեխնոլոգիան ձեռք բերելու մասին է:

Ռուսաստանցի փորձագետ Կոնստանտին Մակիենկոն «Ռոսիյսկայա գազետային» ասել է, թե այս գործարքով Թուրքիան ցույց է տալիս իր հիասթափությունը ՆԱՏՕ-ից և Միացյալ Նահանգներից: «Սակայն քանի դեռ վաճառքի պայմանագիրը չի ստորագրվել, այդ մասին խոսելը դեռ վաղ է»,- ասել է փորձագետը:

Խնդիրն այն է, որ հակահրթիռային պաշտպանության ռուսաստանյան համակարգերը համատեղելի չեն ՆԱՏՕ-ի ուժերում օգտագործվող համակարգերի հետ: Ըստ այդմ՝ դրանց վրա չեն կարող տարածվել այն սահմանափակումները, որոնք Թուրքիայում կիրառում է Հյուսիսատլանտյան դաշինքը: Օրինակ՝ ռուսական համակարգերը կարող են տեղադրվել և՛ Հայաստանի հետ սահամանին, և՛ էգեյան ծովի ափին՝ Հունաստանի հետ սահմանին, մինչդեռ ՆԱՏՕ-ի համակարգերի տեղադրման պարագայում որոշակի սահմանափակումներ են գործում։ «Ռուսաստանի հետ համաձայնագիրը թույլ կտա մեզ հակահրթիռային և հակաօդային պաշտպանության այդ համակարգերը տեղադրել այնտեղ, որտեղ մենք կցանկանանք»,- «Բլումբերգին» ասել է թուրք պաշտոնյան։

Գործակալությունն ընդգծում է՝ Թուրքիայի համար սկզբունքային է ոչ միայն բուն սպառազինությունը, այլև ձեռք բերվելիք տեխնոլոգիաները, ինչն ապագայում ինքնուրույնաբար նման համակարգ արտադրելու հնարավորություն կտա այդ երկրին: Ռուսաստանցի փորձագետը, մինչդեռ, այդ առնչությամբ նկատում է՝ Թուրքիան պետք է միլիարդներ ծախսի՝ ռուսական համակարգերն իքնուրույն արտադրելու համար․ «Դրա համար հարկ է ստեղծել լիովին նոր ոլորտ»։

«Բլումբերգը» նաև հիշեցնում է՝ ավելի վաղ Թուրքիան ցանկանում էր հակահրթիռային պաշտպանության համակարգ գնել Չինաստանից, սակայն «ամերիկացիների ճնշման տակ» հրաժարվել է գործարքից։ Ռուս մասնագետների գնահատմամբ՝ C-400-ը մի համակարգ է, որը վերահսկում է բոլոր հայտնի հրթիռների թռիչքը մինչև 800 կմ շառավղով, և կարող է միաժամանակ թիրախավորել շուրջ 80 թռչող օբյեկտ: Մինչ այժմ Ռուսաստանը C-400 համակարգ է վաճառել միայն Չինաստանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG