Մատչելիության հղումներ

Մեկ ամսում Սևանի մակարդակն իջել է 7 սմ-ով․ «Էկոլուր»


Սևանա լիճ, արխիվ
Սևանա լիճ, արխիվ

Բնապահպանները կասկածի տակ են դնում կառավարության հավաստիացումները, թե 270 միլիոն խմ ջրառի պարագայում կարող է ապահովվել ջրի մակարդակի դրական հաշվեկշիռ, հիշեցնելով՝ նախորդ երկու դեպքերում՝ 2012 և 2014 թվականներին կատարված հավելյալ ջրառի հետևանքով ջրի մակարդակի բացասական նիշեր են արձանագրվել:

Սևանից կատարված ջրառի հետևանքով լճի մակարդակը մոտ մեկ ամսում (հունիսի 20-ից հուլիսի 17-ը ընկած ժամանակահատվածում) իջել է 7 սանտիմետրով: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց «Էկոլուր» հասարակական կազմակերպության ղեկավար՝ բնապահպան Ինգա Զարաֆյանը՝ ընդգծելով, որ պատճառը ջրառի «մեծ չափերն են»:

Սևանից ջուր բաց թողնելու տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խորանարդ մետր է: Սակայն կառավարության առաջարկով խորհրդարանն այս ամսվա սկզբին համապատասխան օրենքում փոփոխություն կատարելով՝ թույլատրեց լճից լրացուցիչ 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնել, այս տարվա ջրառի ընդհանուր ծավալը հասցնելով 270 մլն խորանարդ մետրի:

Ինգա Զարաֆյանի փոխանցմամբ՝ որպեսզի իրացնեն այդչափ մեծ ծավալի ջուրը, թույլատրված ջրառն այժմ մեծ տեմպերով է իրականացվում, ինչի հետևանով «արդեն ունենք Սևանի մակարդակի՝ 7 սանտիմետրով իջեցում»։ Բնապահպանը չբացառեց, որ սահմանված չափով ջրառի իրականացման հետևանքով ջրի մակարդակն ավելի կիջնի:

«Էկոլուր» կազմակերպության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ այս տարի Սևանա լճի մակարդակի ամենաբարձր նիշը կազմել է 1900 մ 91 սմ, ջրառի արդյունքում հուլիսի 17-ի դրությամբ այն նվազել է 1900 մ 84 սմ-ի: Արդյո՞ք սա վտանգավոր ցուցանիշ է, «Ազատության» այս հարցին ի պատասխան՝ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված՝ Սևանի հարցերով հանձնաժողովի անդամ, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Բարդուղ Գաբրիելյանն ասաց՝ կարևոր է,որ Սևանի ջրի մակարդակի հետ կապված դրական հաշվեկշիռ ունենանք տարեվերջին:

«Այլապես մենք կկանգնենք փաստի առաջ՝ կունենանք ջրի վատացում, ինչը հետագայում կարող է նույնիսկ բերել ճահճացման: Ինչ վերաբերում է այդ 7 սանտիմետրին, հիմա թեժ ժամանակ է, հիմնական ջրառը, փաստորեն, հիմա է կատարվում, ուղղակի պետք է հետևել, որ իրենք չգերազանցեն պլանավորվածը, որ դա չբերի բացասական բալանսի»,- ասաց Բարդուղ Գաբրիելյանը:

Հիշեցնենք՝ կառավարությունը խորհրդարանում տեղի ունեցած քննարկումների ժամանակ խոստացել էր, որ լրացուցիչ ջրառի պատճառով չի խախտվի Սևանա լճի ջրի մակարդակի՝ օրենքով սահմանված դրական հաշվեկշիռը: Թեև լրացուցիչ 100 մլն խմ ջրաքանակ բաց թողնելու դեպքում լճի մակարդակը կարող է իջնել մինչև 8 սմ-ով, բայց նույնիսկ այդ պարագայում, ըստ կառավարության, կպահպանվի ջրի մակարդակի՝ շուրջ 10 սմ-ով բարձր անհրաժեշտ բարձր նիշը:

Բնապահպանները կասկածի տակ են դնում կառավարության հավաստիացումները, թե 270 միլիոն խմ ջրառի պարագայում կարող է ապահովվել ջրի մակարդակի դրական հաշվեկշիռ, հիշեցնելով՝ նախորդ երկու դեպքերում՝ 2012 և 2014 թվականներին կատարված հավելյալ ջրառի հետևանքով ջրի մակարդակի բացասական նիշեր են արձանագրվել:

Հիշեցնենք նաև, որ բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը ևս սկզբնապես առարկություններ էր ներկայացրել Սևանից հավելյալ 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու՝ կառավարության նախագծի հետ կապված: Ընդ որում, խորհրդարանական հանձնաժողովում կառավարության առաջարկի քննարկման ժամանակ ՀՅԴ-ն դեմ էր քվեարկել դրան: Ավելի ուշ, սակայն, իշխանական կոալցիայի մաս կազմող ՀՅԴ-ի ներկայացուցիչ նախարարը հայտարարեց, թե փոխել են իրենց դիրքորոշումը:

«Ազատության» հետ զրույցում Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ իր նկատմամբ ճնշումներ չեն եղել: Նրա խոսքով, իրենք պարզապես պնդել են, որ Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու մասին առանձին ժամանակավոր օրենք ընդունվի: Այդ պնդումը, Մինասյանի խոսքով, հետագայում բավարարվել է: Ինչ վերաբերում է Սևանի վրա լրացուցիչ ջրառի ազդեցությանը, բնապահպանության նախարարը չի թաքցնում, որ այն կարող է բացասական լինել, սակայն ինքը չի էլ պնդել, թե Սևանից ջուր չպետք է բաց թողնել:

«Տվել ենք, որ հնարավոր է բացասական ազդեցություն, որովհետև օրենքը սահմանում է սահմանափակում՝ 170 միլիոն խմ: Օրենքի այս սահմանափակումից հետո ցանկացած բացառություն շեղում է հիմնական կանոնից: Իսկ հիմնական կանոնից շեղումը չի կարող բացասական չընկալվել: Չկա որևէ պնդում մեր կողմից, թե մի բաց թողեք, որովհետև մենք կառավարության մասն ենք և շարժվում ենք օրենքով: Օրենքն ասում է՝ այո՛, հնարավոր են դեպքեր, երբ բաց թողնելն անհրաժեշտ է»,- ասաց Մինասյանը:

Հարցին՝ այդ դեպքում ինչու՞ ձեր կուսակցական գործընկերները խորհդարանական հանձնաժողովում դեմ քվեարկեցին կառավարության առաջարկին, նախարարը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ պառլամենտում տեղի է ունեցել թյուրիմացություն, որը շտկվել է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG