Մատչելիության հղումներ

«Ազատության» լրագրողը՝ ԵՄԱ լրագրողական մրցանակի դափնեկիր


Այսօր Երևանի մամուլի ակումբի 22-րդ տարեդարձին նվիրված արարողության ժամանակ հանձնվեցին ԵՄԱ ամենամյա լրագրողական մրցանակները:

ԵՄԱ մրցանակը սահմանվել է 1998-ից և տրվում է Հայաստանի լավագույն լրագրողներին, ԶԼՄ-ներին և մեդիա-կազմակերպություններին:

Որակյալ լրագրությունը և նորարարությունը լավագույնս համադրելու համար «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, հաղորդավար Նարինե Ղալեչյանն արժանացավ Երևանի մամուլի ակումբի սահմանած՝ Վալերի Այդինյանի անվան մրցանակին։

Հայաստանի մարզական կյանքի պրոֆեսիոնալ լուսաբանման համար լուսանկարիչ Հակոբ Բերբերյանն արժանացավ Արմեն Նիկողոսյանի անվան մրցանակին։

Հակամարտության պայմաններում Սիրիայի հայ համայնքի կյանքը պատկերող «Պատերազմի և խաղաղության կռիվը» ֆիլմաշարի համար Հայաստանի Հանրային հեռուստատեսության հատուկ նախագծերի խմբագիր Տիգրան Դանիելյանն արժանացավ Տիգրան Նաղդալյանի անվան մրցանակին։

Հայաստանի առցանց մեդիայում և սոցիալական ցանցերում 2017թ. խորհրդարանական ընտրությունների լուսաբանման հետազոտության համար «Ռեգիոն» հետազոտական կենտրոնն արժանացավ Երևանի մամուլի ակումբի մրցանակին:

Կեղծ տեղեկատվության տարածմանը դիմագրավելու նախաձեռնության համար Sut.am կայքն արժանացավ Երևանի մամուլի ակումբի մրցանակին:

Հրապարակախոսական նյութի ինքնատիպ մատուցման համար լրագրող Լուսինե Հովհաննիսյանն արժանացավ Երևանի մամուլի ակումբի մրցանակին:

Արարողության ժամանակ հանձնվեցին նաև ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ և Համայնքների ֆինանսիստների միավորման հետ համագործակցությամբ իրականացվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի մրցանակները:

Համայնքային և տեղական ինքնակառավարման համակարգի խնդիրները հետևողականորեն լուսաբանելու համար Երևանի մամուլի ակումբի և Համայնքների ֆինանսիստների միավորման մրցանակին արժանացավ «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությունը:

Տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների թեմային հավատարմության համար Երևանի մամուլի ակումբի և Համայնքների ֆինանսիստների միավորման մրցանակին արժանացավ «Հետք» պարբերականի թղթակից Երանուհի Սողոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG