Մատչելիության հղումներ

«Ելք»-ը հնարավոր է ԵՏՄ-ից դուրս գալու առաջարկ ներկայացնի․ Գորգիսյան


Փաստացի դարձել է այնպես, որ Եվրասիական տնտեսական միությունն (ԵՏՄ, ԵԱՏՄ) Ռուսաստանի Դաշնությունն է, այսօր «Ազատություն» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ մեկնաբանելով Հայաստանում ռուսերեն լեզվին պաշտոնական կարգավիճակ տալու Ռուսաստանի առաջարկը։

«Դե յուրե մենք ունենք միություն, որտեղ բոլոր գործընկերները հավասար իրավունքներով, հավասար հիմունքներով պետք է աշխատեն միմյանց հետ` տնտեսությունը միմյանց հետ զարգացնելու, պայմանագրում առանձին կետով նաև նշված էր տրանսպորտային ցանցի ընդհանուր ստեղծումը: Եվ այդ ամենի հետ մեկտեղ մենք ունենք այս իրականությունը, երբ Հայաստանի շահերը ոտնահարվում են», - ասաց Գորգիսյանը՝ հարց բարձրացնելով. - «Սա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հարցն է․ եթե կառույցում բոլոր պետությունները հավասար են, ինչո՞ւ պետք է որևէ մեկի լեզուն ընդհանուր լինի բոլորի համար, ինչո՞ւ այդ հարցը նախապես չի քննարկվել ԵԱՏՄ-ում՝ լսեին մեր տեսակետը, հետո նոր նման մոտեցումներ ցուցաբերվեր։ Սա բացարձակ խտրական մոտեցում է»։

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ «Ելք»-ը հնարավոր է ԵՏՄ-ից դուրս գալու առաջարկ ներկայացնի։

Հիշեցնենք՝ երեկ ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հաղորդեց, որ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է Հայաստանում ռուսերեն լեզվին տալ պաշտոնական կարգավիճակ, որպեսզի հայաստանյան վարորդական վկայականները ճանաչվեն նաև Ռուսաստանի կողմից:

Հուլիսի 14-ին Ռուսաստանի Պետդուման ընդունել է օրենք, որով Ռուսաստանի տարածքում ճանաչվում է ԵՏՄ մի քանի անդամ երկրների քաղաքացիների ազգային վարորդական իրավունքը: Խոսքն այն անդամ երկրների մասին էր, որոնցում ռուսերեն լեզուն ունի պաշտոնական կարգավիճակ:

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ երեկ ունեցած հանդիպման ժամանակ Վոլոդինն ասել էր․ - «Ես կարող եմ ասել միայն մեկ բան՝ տվեք ռուսերենին պաշտոնական կարգավիճակ, և այդ դեպքում [հուլիսի 14-ին ընդունված] օրենքն ավտոմատ կերպով կտարածվի նաև Հայաստանի Հանրապետության վրա»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG