Մատչելիության հղումներ

«Բակո Սահակյանն ինքն է պահանջել՝ առաջադրել իր թեկնածությունը»․ ԼՂ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր


ԼՂ նախագահ Բակո Սահակյանն այցելել է շփման գծի մերձակա դիրքեր, արխիվ

«Բակո Սահակյանն ինքն է պահանջել, որպեսզի Ղարաբաղի քաղաքական ուժերը նախագահի պաշտոնում առաջադրեն իր թեկնածությունը»: Այսօր «Ազատության» հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ԼՂ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր՝ «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը: Նրա պնդմամբ՝ Ղարաբաղում քաղաքական ուժերը ենթարկվում են նախագահին և անգամ խորհրդարանում մեծամասնություն ունենալու պարագայում «իրավունք չունեն առաջադրել իրենց սեփական թեկնածուին»:

ԼՂ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր՝ «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյան
ԼՂ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր՝ «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյան

«Բակո Սահակյանի առաջադրումը տեղի է ունենում հենց Բակո Սահակյանի պահանջով և ցանկությամբ: Սա մեծ հաշվով ողբերգություն է հենց այդ կուսակցությունների համար, երբ իրենք ունեն այլ ամբիցիաներ, այլ ծրագրեր, սակայն ստիպված են կատարել այն, ինչ ասում է նախագահը: «Ազատ հայրենիքը» վստահաբար սեփական թեկնածուն կունենար նախագահական ընտրություններում, եթե Բակո Սահյակյանը փաստի առջև չկանգնեցներ խորհրդարանական մեծամասնությանը»,- ասաց Հայկ Խանումյանը:

Ընդդիամդիր պատգամավորի խոսքով՝ Ղարաբաղի Սահմանադրությունը «մտածված» այնպես են փոխել, որ խորհրդարանում ներկայացված ոչ մի կուսակցություն չկարողանա միայնակ թեկնածու առաջադրել: Նա, մասնավորապես, մատնանաշում է՝ անցումային նախագահն ընտրվելու է պատգամավորների թվի 2/3-ով, «մինչդեռ Արցախի 33 հոգանոց խորհրդարանում ոչ մի կուսակցություն այդքան պատգամավոր չունի»:

Այս տարվա փետրվարի 20-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում Ղարաբաղում հաստատվեց կառավարման լիարժեք նախագահական համակարգ: Նոր Սահմանադրության համաձայն, առաջիկա երեք տարիներին՝ մինչև 2020 թվականը, Ղարաբաղում պետք է կառավարի անցումային փուլի նախագահը, որին այս ամիս պետք է ընտրի խորհրդարանը:

Ուշագրավ է, որ ԼՂ Ազգային ժողովի 5 ուժերից 3-ը՝ իշխանության մաս կազմող «Ազատ Հայրենիքը» (խորհրդարանում ունի 15 մանդատ), Հայ հեղափոխական դաշնակցությունը (ունի 7 մանդատ) և «Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը» (ունի 6 մանդատ) արդեն իսկ հայտարարել են, որ նախագահի պաշտոնում ցանկանում են առաջադրել Բակո Սահակյանի թեկնածությունը: Այսինքն՝ ապասվում է, որ Բակո Սահակյանը կստանա խորհրդարանի ճնշող մեծամասնության աջակցությունը՝ 33 պատագամավորներից 28-ը պատրաստ են քվեարկել նրա թեկնածության օգտին: Նշենք, որ անցումային նախագահի պաշտոնում ընտրվեկու համար բավարար կլիներ 21 ձայնը:

Թե ինչու խորհրդարանում մեծամասնություն կազմող
«Ազատ Հայրենիքը» կուսակցության ղեկավար՝ վարչապետ Արա Հարությունյանի փոխարեն նախագահի պաշտոնում որոշեց առաջադրել Բակո Սահակյանին, կուսակցության խմբակցության պատգամավոր Արամ Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում այսպես պարզաբանեց՝ իրենք առաջնային են համարում քաղաքական միասնությունը: Ի դեպ՝ «Ազատ Հայրենիքը» այդ որոշումը կայացրել է այսօր կայացած համագումարում:

ԼՂ «Ազատ Հայրենիք» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արամ Գրիգորյան
ԼՂ «Ազատ Հայրենիք» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արամ Գրիգորյան

«Մեր կուսակցության ղեկավարը ևս կողմնակից է, որ առաջադրվի գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը: Եթե հիշում եք, նախագահական վերջին ընտրությունների ժամանակ մեր կարգախոսը եղել է՝ «Միասին, հանուն Արցախի»: Որպեսզի պաշտպանվի այդ կարգախոսի իմաստը, որոշեցինք որ թեկնածուն պետք է լինի Բակո Սահակյանը»,- ասաց Արամ Գրիգորյանը: Հարցին՝ հնարավո՞ր է, որ 2020-ին էլ պաշտպանեք Սահակյանի թեկնածությունը, Գրիգորյանն արձագանքեց․ «Ես չեմ կարող որևէ կանխատեսում անել»: Հակադարձելով Հայկ Խանումյանի պնդումներին, Գրիգորյանը նշեց նաև, թե «միանշանակ բացառում է» որևէ քաղաքական ուժի հանդեպ գործադրված ճնշման հնարավորությունը:

Ինչ վերաբերում է Բակո Սահակյանի թեկնածությունն առաջադրելու՝ Դաշնակցության որոշմանը, ապա ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը նշեց՝ քանի որ իրենք արդեն երկու անգամ սատարել են Սահակյանին, ապա «տրամաբանական է», որ անցումային փուլի համար ևս առաջադրեն նրա թեկնածությունը: Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչը, սակայն, շեշտում է՝ անցումային փուլի ավարտից հետո՝ 2020 թվականին, երբ տեղի կունենան նախագահի համապետական ընտրություններ, իրենք սկզբունքորեն դեմ կլինեն, որ Բակո Սահակյանը շարունակի պաշտոնավարել որպես նախագահ:

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյան
ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյան

«Ոչ միայն ես, այլև Դաշնակցության շրջանակներում այն կարծիքին են, որ 2020 թվականից հետո այլ թեկնածու կլինի, և կարծում եմ՝ Դաշնակցությունը չի կարող անել մի քայլ, որը կհակադրվեր ժողովրդավարական սկզբունքներին: 2020-ից հետո Բակո Սահակյանի պաշտոնավարումը, բնականաբար, կհակասի այդ սկզբունքներին»,- ասաց Դավիթ Իշխանյանը:

ԼՂ խորհրդարանի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության պատգամավոր Հայկ Խանումյանը, մինչդեռ, վստահ է՝ եթե հանգամանքները թույլ տան, Բակո Սահակյանը կփորձի հավերժորեն երկարաձգել իր իշխանությունը, փորձելով պաշտոնավարել նաև 2020-ից հետո․ «Որովհետև այդ մարդը, իր պատկերացումները, տեսլականները կապ չունեն Արցախի ժողովրդի զարգացման, բարեկեցության տեսլականների հետ: Այդ մարդը միայն մտածում է սեփական իշխանության մասին՝ ինչպես անել, որ այն երկարաձգի, որ իշխանությունն ու ռեսուրսներն առավել կենտրոնացնի իր ձեռքում»:

Ընդդիմադիր պատգամավորը համոզված է, որ Ղարաբաղի նախագահի պաշտոնում Բակո Սահակյանի վերընտրության հարցը համաձայնեցված է Հայաստանի իշխանությունների հետո: Հայկ Խանումյանի խոսքով, Բակո Սահակյանը Սերժ Սարգսյանի համար «ամենանախընտրելի, ամենալսող և ամենաենթարկվող» թեկնածուն է:

Անդրադառնալով Հայաստանում իշխող ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն պնդումներին, թե Բակո Սահակյանի վերընտրությունը նախագահի պաշտոնում վնաս չի հասցնի Ղարաբաղի ժողովրդավարությանը, Հայկ Խանումյանը հակադարձեց՝ Սահակյանի պաշտոնավարման 3-րդ ժամկետը Հայաստանի իշխող ուժն արդարացնում է ավտորիտար ուժին բնորոշ բառապաշարով․ այն խոսքերով, որոնցով, օրինակ՝ Ադրբեջանում արդարացնում են Ալիևի, իսկ Զիմբաբվեում՝ Ռոբերտ Մուգաբեի իշխանության երկարաձգումը: «Փաստորեն՝ քաղաքական համակարգը ոչնչացվում է և հաստատվում է ուղղակի ավտորիտար ռեժիմ, որը, բնականաբար, Արցախին որևէ լավ բան չի տալու»,- ասաց Հայկ Խանումյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG