Մատչելիության հղումներ

Պուտինը կպատասխանի ռուսաստանցի դպրոցականների հարցերին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 21-ին կմեկնի Սոչիի «Սիրիուս» կրթական կենտրոն, որտեղ նա կշփվի ռուսաստանցի դպրոցականների հետ, կպատասխանի նրանց հարցերին։

Դպրոցականները կարող են Ռուսաստանի նախագահին հարցեր ուղղել նաև սոցիալական ցանցերի միջոցով։ Ասուլիսը տեղի կունենա «Ոչ-մանկական զրույց Վլադիմիր Պուտինի հետ» հեռուստածրագրի շրջանակում։

«Վերջերս անցկացրած ավանդական «Ուղիղ գիծ Պուտինի հետ» ծրագիրն այնքան էլ հաջող չէր։ Ընդհանուր տրամադրությունն այնպիսին էր, որ Պուտինը հոգնել էր, ուղիղ գիծը հոգնեցնող էր և էմոցիոնալ չէր», - «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ասել է քաղաքագետ Գլեբ Պավլովսկին և հավելել. - «Հասկանալի է, որ Պուտինն ուզում է փոքր-ինչ փոխել այն տպավորությունը, որ ռուսաստանցիների մոտ մնացել է հունիսյան ուղիղ գծից հետո»։

Ըստ քաղաքագետի, վերջին տարիներին ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի աջակիցների թիվը զգալիորեն աճել է հատկապես դպրոցականների և ուսանողների շրջանում։

«Նավալնիի կազմակերպած բողոքի ակցիաների մասնակիցների մեծ մասը հենց դպրոցականներ ու ուսանողներն են։ Պուտինն անշուշտ մտահոգված է այս հանգամանքով», - ասում է Պավլովսկին և հուլիսի 21-ին կայանալիք ուղիղ գիծը նաև սրա հետ կապում։

Հիշեցնենք՝ 2018 թվականի մարտին Ռուսաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ այդ ընտրություններին առաջադրելու է իր թեկնածությունը։ Քաղաքական գործիչը երկրի տարբեր մարզերում շուրջ վեց տասնյակ շտաբներ է բացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG