Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում այսօր հարուցվել է քրեական գործ՝ Իջևանի բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ։
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ երեկ Իջևան քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ դուստրը նույն օրը ծննդաբերել է «Իջևան ԲԿ» ՓԲԸ-ի ծննդատանը, ինչից ժամեր անց բժիշկները հայտնել են, որ նորածինը մահացել է:
Դեպքի առթիվ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով` «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»: Բժշկական կենտրոնից առգրավվել են անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը, և նորածնի մահվան ու քրեական գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Քրեական գործով կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, ասված է հաղորդագրությունում:
Նախաքննությունը շարունակվում է: