Վաշինգտոնը վիզաներ չի տրամադրում դիվանագետներին, որոնց Ռուսաստանը ցանկանում է գործուղել ԱՄՆ՝ 2016 թվականի դեկտեմբերին այնտեղից ետ ուղարկված դիվանագետներին փոխարինելու նպատակով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ Մոսկվայում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների թիվը զգալիորեն գերազանցում է Վաշինգտոնում ռուսաստանյան դիվանագիտական առաքելության աշխատակիցների թվին, և Ռուսաստանը որպես պատասխան քայլ կարող է «պարզապես հավասարեցնել աշխատակազմի թիվը»:
Անցյալ տարվա դեկտեմբերին, հիշեցնենք, ԱՄՆ իշխանությունները անցանկալի անձ են հռչակել 35 ռուսաստանցի դիվանագետների և փակել Ռուսաստանի դեսպանության ամառանոցները Նյու Յորքում ու Մերիլենդում: Վաշինգտոնը հայտարարել է, որ ձեռնարկված քայլերը պատասխան են ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությանը: