Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի նկատմամբ


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարությամբ է հանդես գալիս Սպիտռակ տանը, Վաշինգտոն, 16-ը դեկտեմբերը, 2016թ.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարությամբ է հանդես գալիս Սպիտռակ տանը, Վաշինգտոն, 16-ը դեկտեմբերը, 2016թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգները երեկ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ սահմանել է նոր պատժամիջոցներ՝ ամերիկյան նախագահական ընտրություններին հաքերային գրոհներով միջամտելու, ինչպես նաև Ռուսաստանի տարածքում ամերիկացի դիվանագետների հանդեպ գործադրված բռնությունների և հալածանքի համար:

Ամերիկացիները նախատեսում են դիվանագիտական, տնտեսական և այլ տեսակի գործողություններ:

Սպիտակ տան որոշմամբ, Ամերիկայից արտաքսվում են 35 ռուսաստանցի դիվանագետներ: Ըստ ամերիկացի փորձագետների, Մերիլենդում և Նյու Յորքում Ռուսաստանին պատկանող դիվանագիտական երկու համալիրներն օգտագործվել են լրտեսական գործունեության նպատակով: Ամերիկացիները կարգադրել են փակել այդ համալիրները:

35 դիվանագետները և նրանց ընտանիքների անդամները 72 ժամում պետք է լքեն Ամերիկայի տարածքը: Բացի այդ, Ռուսաստանի ռազմական հետախուզության՝ ГРУ-ի, ինչպես նաև Անվտանգության դաշնային ծառայության՝ ФСБ-ի մի շարք բարձրաստիճան ղեկավարների նկատմամբ սահմանվում են ֆինանսական պատժամիջոցներ և վիզաների արգելք:

«Ձեռնարկված միջոցները Ռուսաստանի ագրեսիվ կեցվածքին արձագանքելու ծրագրի մի մասն են, մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ և կընդունենք համապատասխան նոր որոշումներ այն ժամանակ, երբ մեզ է հարմար, այնտեղ, որտեղ մեզ է հարմար: Այդ որոշումների մի մասը հրապարակման ենթակա չէ»,- ասվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երեկվա հայտարարությունում:

Նախօրեին արդեն հայտնի էր, որ Սպիտակ տունը նոր պատժամիջոցներ է սահմանելու՝ Օբաման դեկտեմբերի սկզբին ասել էր այդ մասին: ԱՄՆ նախագահը երեկ հայտնել է, որ իր վարչակազմն առաջիկայում Կոնգրեսին կներկայացնի զեկույց ամերիկյան ընտրություններին ռուսների միջամտության մասին:

Օբաման հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և դաշնակիցները պարտավոր են միասնաբար պայքարել միջազգային նորմերը խախտելու և դեմոկրատական կառավարմանը միջամտելու ռուսների քաղաքականության դեմ:

Ռուսաստանը դեռ նախօրեին հայտարարել էր, որ ամերիկացիների գործողություններին կտա համարժեք պատասխան:

Արևմուտքի փորձագետները ենթադրում են նաև, որ ամերիկյան պատկան ծառայություններն առաջիկայում միջազգային մամուլին կտրամադրեն ռուսաստանցի պաշտոնյաների ապօրինի գործարքների մասին վկայող փաստեր, որոնց հրապարակումը վնաս կհասցնի Մոսկվայի միջազգային վարկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG