Փարիզում մեկնարկել են Ֆրանսիայի գլխավոր ազգային տոնին՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումները: Տոնական զորահանդեսին մասնակցում են ավելի քան 3․5 հազար զինծառայողներ:
Այս տարի նշվում է նաև Առաջին համաշխարհային պատերազմին Միացյալ Նահանգների մասնակցության 100-ամյակը: Այդ կապակցությամբ այսօր Ելիսեյան Դաշտերով (Շանզ Էլիզե) քայլերթով անցել են նաև ամերիկացի հետևակայիններ ու նավաստիներ: Բացի այդ, ամերիկյան ռազմական ինքնաթիռներն էլ մասնակցել են օդային զորահանդեսին:
Տոնակատարությունների նախօրեին, հիշեցնենք, Փարիզ է ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նույն օրը նա հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ: Բանակցություններից հետո Թրամփը Թվիթերում գրել է, որ ամերիկացի և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունն անխախտ է:
Երեկոյան Փարիզի Մարսյան դաշտում տեղի կունենա դասական երաժշտության համերգ: Ֆրանսիայի Ազգային նվագախումբը ելույթ կունենա ռուսաստանցի դիրիժոր Վալերի Գերգիևի ղեկավարությամբ:
Փարիզում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել՝ հազարավոր ոստիկանների, ամերիկյան հետախուզության և Թրամփի անմիջական թիկնապահների օգնությամբ:
Ուղիղ մեկ տարի առաջ, հիշեցնենք, Նիսում տեղի ունեցավ ահաբեկչություն, որի հետևանքով զոհվեց 86 մարդ: Ֆրանսիական իշխանությունները կարծում են, որ ահաբեկչության վտանգը դեռևս շատ մեծ է: