Ժամեր առաջ մեկնարկեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի առաջին պաշտոնական այցը Փարիզ, որի ընթացքում նա նախագահ Էմանյուել Մակրոնի հետ բանակցություններից բացի կմասնակցի նաև Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա ու Առաջին համաշխարհային պատերազմում Նահանգների մասնակցության 100-ամյակի միջոցառումներին:
Այցն իրականացվում է Սպիտակ տան համար դժվարին փուլում, երբ Միացյալ Նահանգներում նոր թափ են ստանում մեղադրանքները նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ, Արևմուտքում էլ դեռ չեն մարել կրքերը կլիմայի փոփոխության Փարիզյան համաձայնագրից դուրս գալու՝ Թրամփի որոշման շուրջ:
Չնայած տարաձայնություններին՝ Մակրոնն ու Թրամփը մտադիր են խորացնել կապերը, հաղորդում է Reuters-ը՝ փաստելով․ - «Ֆրանսիայի նախագահն ուզում է ընդլայնել Փարիզի դերը միջազգային ասպարեզում, Թրամփն էլ փորձում է դաշնակիցներ գտնել արտերկրում»:
Հաղորդվում է, որ երկու առաջնորդները կենտրոնանալու են երկկողմ դիվանագիտական ու ռազմական համագործակցությունը խորացնելու վրա. օրակարգում է սիրիական ճգնաժամը, պայքարը «Իսլամական պետության» ու ահաբեկչական այլ խմբավորումների դեմ, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնյան: Ելիսեյան պալատն, իր հերթին, ընդգծում է՝ Մակրոնը չի խուսափելու նաև վիճահարույց հարցերից, այդ թվում՝ կլիմայի փոփոխության ու առևտրի վերաբերյալ:
«Մակրոնի նպատակն է Թրամփին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ, որպեսզի Նահանգները, որ շարունակում է մնալ աշխարհի թիվ մեկ տերությունը, դուրս չմնա գործընթացից», - ֆրանսիական հեռուստաընկերություններից մեկին ժամեր առաջ ասել է կառավարության խոսնակ Քրիստոֆ Կաստաները:
Ակնկալվում է, որ առանձնազրույցից հետո՝ այսօր երեկոյան, երկու առաջնորդները համատեղ ասուլիս կտան:
Ավելի վաղ՝ նախագահական քարոզարշավի ընթացքում, Թրամփը հայտարարել էր, թե Փարիզում իրականացված ահաբեկչական հարձակումներից հետո Ֆրանսիան այլևս նախկինը չէ՝ կոչ անելով երկրի իշխանություններին խստացնել քաղաքականությունը ներգաղթյալների նկատմամբ: Այսօր՝ նրա այցի կապակցությամբ, Փարիզում անվտանգության խստացված միջոցառումներ են ձեռնարկվել: Թեև ընդդիմադիր որոշ խմբեր բողոքի ակցիաներ են ծրագրում, ըստ հաղորդումների՝ դրանք դժվար թե բազմամարդ լինեն համբուրգյան ցույցերի պես: Ֆրանսիական լրատվամիջոցներից մեկի՝ երեկ անցկացրած հարցումը, համենայն դեպս, պնդում է, թե ֆրանսիացիների մեծամասնությունը՝ շուրջ 60 տոկոսը, ողջունում է Դոնալդ Թրամփին Փարիզ հրավիրելու Էմանյուել Մակրոնի որոշումը:
«Դոնալդ Թրամփը նախ և առաջ Միացյալ Նահանգների նախագահն է՝ երկիր, որը շատ բան է արել նացիստներից Ֆրանսիան փրկելու համար: Ամերիկայի շնորհիվ մենք վերականգնեցինք մեր ազատ երկիրը, և կարծում եմ՝ նորմալ է և լավ, որ Միացյալ Նահանգների նախագահը, անկախ այն բանից՝ նրա անունը Թրամփ է, Օբամա, կամ այլ, լինի այստեղ՝ Ելիսեյան պալատում, մեր ազգային տոնի ժամանակ», - Reuters-ին ասել է Մակրոնի կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Ժերար Մենյուելը: