Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում այսօր, նախնական տվյալներով, բերման են ենթարկվել շուրջ 900 ցուցարարներ, ովքեր այսօր մասնակցել են մարդաշատ բողոքի ակցիաներին, որոնք ծայր առան այն բանից հետո, երբ Մոսկվայի ոստիկանությունը իր տան դիմաց ձերբակալեց ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին:
Նավալնին պատրաստվում էր գնալ և մասնակցել Մոսկվայի կենտրոնում մեկնարկող հակակոռուպցիոն բողոքի ակցիային: Ընդդիմադիր գործիչը նույնիսկ իր ձերբակալությունից հետո աջակիցներին կոչ էր անել մասնակցել Տվերսկայա փողոցում անցկացվող ակցիային:
Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ արձանագրվել են ինչպես Մոսկվայում, այնպես էլ Ռուսաստանի մյուս քաղաքներում: Հատկապես կոշտ էին բախումները Սանկտ Պետերբուրգում, որտեղ բողոքի ակցիան արտոնված չէր:
Բողոքի ակցիաների մասնակիցների մեջ մեծ թիվ էին կազմում պատանիներն ու երիտասարդներ: Բերման ենթարկվածների մեջ նույնպես մեծ թիվ էին կազմում անչափահասները:
Մոսկվայում բողոքի ակցիաները դեռ շարունակվում են, մարդիկ հավաքված են կենտրոնական փողոցներում, որոնք այսօր տոնական միջոցառումների պատճառով փակ են երթևեկության համար․ հունիսի 12-ին Ռուսաստանում տոնում են անկախության օրը, որը վերջին տարիներին կոչվում է Ռուսաստանի օր:
Ռուսաստանում «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի ղեկավար, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին երեկ ուշ երեկոյան հայտարարել էր, որ չեղարկում է Մոսկվայի իշխանությունների հետ համաձայնեցված կոռուպցիայի դեմ բողոքի հավաքը Սախարովի հրապարակում՝ կոչ անելով իր կողմնակիցներին հավաքվել այսօր Տվերսկայա փողոցում։
Վերջին անգամ նման բողոքի ակցիա Նավալնին, հիշեցնենք, կազմակերպել էր մարտի 26-ին, որի ժամանակ եղան բախումներ ոստիկանության հետ, ձերբակալվեցին հարյուրավոր ցուցարարներ, այդ թվում նաև՝ դպրոցականներ։