Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանում պատգամավորները հնարավոր է պատժվեն Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար


Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլան, արխիվ

Թուրքական խորհրդարանի սահմանադրական ենթահանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել պատգամավորների վարքին, արտաքին տեսքին և նիստերի ընթացքին վերաբերող ներքին կանոնակարգային փոփոխությունների 18 կետից կազմված փաթեթը։

«Ակօս» պարբերականի հաղորդմամբ, իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների մշակած փոփոխությունների փաթեթն ուշագրավ կետ է պարունակում, որով, ըստ էության, սահմանափակվում է պատգամավորների խոսքի ազատությունը։

Փաթեթի համաձայն, նախատեսվում է պատիժ սահմանել այն պատգամավորների համար, ովքեր կվիրավորեն թուրք ազգի պատմությունն ու անցյալը։

Թուրքական Hurriyet-ը գրում է, որ պատժելի է համարվում պատգամավորների կողմից խորհրդարանի ամբիոնից Հայոց ցեղասպանություն, Դերսիմի կոտորած, Քուրդիստան, Ամեդ (Դիարբեքիրի քրդական հին անվանումը), քրդական նահանգներ արտահայտությունների կիրառումը։

Այս կարգը խախտած պատգամավորները ժամանակավորապես կհեռացվեն խորհրդարանի աշխատանքներից, ինչպես նաև նրանց աշխատավարձից 12 հազար լիրայի չափով պահում կարվի։

Փոփոխությունների փաթեթին դեմ են արտահայտվել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և Ժողովուրդների դեմոկրատական (ԺԴԿ) կուսակցությունները։

ԺԴԿ-ից պատգամավոր Գարո Փայլանը, ով տարեսկզբին պատժվել էր խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին հիշատակելու համար, մեկնաբանելով իշխանության հեղինակած փոփոխությունների փաթեթը՝ նշել է, որ այն է՛լ ավելի կարժեզրկի Թուրքիայի Ազգային մեծ ժողովը։

«Այս քայլը հարված է Թուրքիային և Թուրքիայի ժողովրդավարությանը՝ մտքի և խոսքի ազատության տեսանկյունից։ Կուսակցությանս հետ միասին ընդդիմանալու ենք այս փոփոխությանը, ամեն ինչ անելու ենք, որ այն չընդունվի խորհրդարանում», - ասել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը «Ակօս»-ին տված հարցազրույցում։

Այս տարվա հունվարին Գարո Փայլանը զրկվել էր խորհրդարանական երեք նիստի մասնակցելու իրավունքից՝ Մեջլիսում իր ելույթի ժամանակ ցեղասպանություն եզրույթն օգտագործելու համար։ Մեջլիսի փոխնախագահը հայազգի պատգամավորին զգուշացրել էր, թե նա «չի կարող խորհրդարանի ամբիոնն օգտագործել ժողովրդին վիրավորող արտահայտություններ հնչեցնելու համար»։

Փայլանը, հիշեցնելով այս միջադեպը, նշել է. - «Իմ նկատմամբ սահմանված պատիժն անօրինական էր, խորհրդարանի ներքին կանոնակարգի փոփոխությունների փաթեթը այդ է վկայում։ Սահմանված դրամական տույժը վիրավորանք է։ Ես լավ գիտեմ, թե իմ ժողովրդին ինչ է պատահել։ Ամոթալի է, որ սրա մասին խոսելու համար ինձ դրամական տույժի են ենթարկելու։ Այդ հանցանքները Թուրքիայում են կատարվել, և դրանց մասին մեր խորհրդարանում պետք է խոսվի։ Թուրքական Մեջլիսում չխոսվելու հետևանքով՝ այն քննարկման առարկա է դառնում այլ երկրների խորհրդարաններում, և, ցավոք, այդպես էլ կշարունակվի, եթե փոփոխությունների փաթեթն ընդունվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG