ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է իր որդու որոշումը՝ 2016-ի հունիսին հանդիպելու ռուսաստանցի փաստաբանի հետ, ասելով՝ «մարդկանց մեծամասնությունը կմասնակցեր այդ հանդիպմանը»:
Թրամփը այս մասին հայտարարել է հուլիսի 13-ին՝ Փարիզում, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում:
Այս շաբաթ ավելի վաղ հրապարակվեց Դոնալդ Թրամփ կրտսերի նամակագրությունը ռուսաստանցի փաստաբան Նատալիա Վեսելնիցկայայի հետ, որից կարելի է եզրակացնել, որ փաստաբանը նախագահական ընտրություններում Թրամփի հակառակորդ, Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին վարկաբեկող տեղեկատվություն է ունեցել և առաջարկել այն հանձնել Թրամփի որդուն, ինչից հետո Թրամփ կրտսերը հանդիպել է փաստաբանի հետ:
Այս տեղեկատվության հրապարակումը խորացրել է կասկածները ամերիկյան ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության և ռուս պաշտոնյաների հետ Թրամփի թիմի հանդիպումների վերաբերյալ: