Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանում հուսով են՝ ավտոկայանատեղերի վճարի խնդիրը «շուտով արդյունավետ հանգուցալուծում կունենա»


Երևանի քաղաքապետարանը գրավոր դիմել է բջջային կապի օպերատորներին՝ քննարկելու SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի գանձման ձևաչափում հնարավոր փոփոխություններ կատարելու հարցը, ինչը հնարավորություն կտա վերացնելու լրացուցիչ ԱԱՀ-ի վճարման անհրաժեշտությունը, ինչպես նաև էապես կնվազեցնի գանձման հետ կապված հավելյալ այլ ծախսերը։ Այդ մասին ասված է քաղաքապետարանի այսօր տարածած հաղորդագրությունում:

Նշելով, որ «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության հուլիսի 7-ի հայտարարությունը, թե SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի համար գանձվող գումարի փոփոխություն կարող է նախատեսվել, «տեղիք տվեց հակասական մեկնաբանությունների», քաղաքապետարանը շարունակում է․ - «Թեև արդեն իսկ պարզաբանել ենք, որ ավտոկայանատեղի վճարի չափը չի փոխվում, և խնդիրը վերաբերում է վճարման ձևաչափով պայմանավորված լրացուցիչ առաջացող գումարներին, այդուհանդերձ հարկ ենք համարում նշել, որ, որպես Երևան համայնքի շահերից հանդես եկող կառույց, Երևանի քաղաքապետարանը և ՀՀ տարածքում ծառայություն մատուցող բջջային օպերատորները մտահոգված են ստեղծված իրավիճակով»։

Ըստ հաղորդագրության, քննարկումներ են ընթանում գործընթացի մասնակիցների, մասնագիտական խմբերի և կառույցների հետ՝ հնարավոր լուծումներ գտնելու համար, և «նախնական քննարկումների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն՝ խնդիրը բոլորի համար ընդունելի պայմաններով լուծելու վերաբերյալ»։

Քաղաքապետարանում լիահույս են, որ «խնդիրը շուտով արդյունավետ հանգուցալուծում կունենա», և խոստանում են վերջնական արդյունքների մասին լրացուցիչ տեղեկացնել։

Հիշեցնենք, նախատեսվում է, որ օգոստոսի 1-ից կարմիր գծերով առանձնացված հատվածներում կայանող վարորդները մեկ ժամի համար 100-ի փոխարեն կվճարեն 149, իսկ մեկ օրվա 500-ի փոխարեն՝ 748 դրամ: Ավելացվող գումարի կեսը միջնորդավճար է, մյուս կեսը՝ ԱԱՀ։ Խոսքը միայն SMS հաղորդագրությամբ վճարելու մասին է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG