Մատչելիության հղումներ

«Ադրբեջանն այն պետությունը չէ, որին կարելի է զենք վաճառել»․ Շարմազանով


Էդուարդ Շարմազանով, Երևան, 12-ը հուլիսի, 2017 թ․

«Ադրբեջանն այն պետությունը չէ, որին կարելի է զենք վաճառել»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Ադրբեջանին ռուսական զենքի հերթական խմբաքանակի վաճառքի մասին հաղորդումներին, այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հայաստանը հիացած չէ այդ գործարքով, բայց և, իշխող Հանրապետականի ներկայացուցչի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները չպետք է պայմանավորել ռուս-ադրբեջանական կապերով: «Զենք վաճառում են այն երկրներին, որոնք դա նպատակ ունեն օգտագործել ինքնապաշտպանական նպատակներով: Մյուս կողմից սա չպետք է խոչընդոտի հայ-ռուսական ռազմավարական, ռազմաքաղաքական հարաբերությունների խորացմանը»,- կարծիք հայտնեց ՀՀԿ խոսնակը:

Նրա դիտարկմամբ, ռուս-ադրբեջանական հարաբերությունները թևակոխում են ոչ բարենպաստ փուլ: Այդ համատեքստում նա այսօր հիշատակեց Ռուսաստանի Սահմանապահ ծառայության հայտարարության մեջ «ԼՂՀ» եզրույթի օգտագործումը, պատահական չհամարեց նաև ՌԴ հայազգի քաղաքացիների հանդեպ Ադրբեջանում ցուցաբերվող խտրական վերաբերմունքի մասին Ռուսաստանի խիստ գնահատականը: «Կարող եմ եզրահանգում անել, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում մի գուցե կատու է անցել և միգուցե այդ կատվի գույնը սև է»,- պատկերավորեց Շարմազանովը:

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի՝ նախօրեին Բրյուսելում կայացած հանդիպման մասին, ԱԺ փոխխոսնակը հայտարարեց՝ միջազգային հանրությունն ու ղարաբաղյան հարցի կարգավորմամբ զբաղվող Մինսկի խումբը պետք է ճանապարհներ փնտրեն, անհրաժեշտության դեպքում նաև ճնշման գործադրմամբ, Ադրբեջանի հարկադրելու համար, որպեսզի այդ երկիրը կատարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:

2016-ի ապրիլյան պատերազմից անմիջապես հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նշված քաղաքներում կայացած հանդիպումների ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել շփման գծում խախտումների քննության մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման շուրջ: Հայկական կողմը մշտապես պատրաստակամություն է հայտնել կատարել դրանք: Երևանը բազմիցս պնդել է նաև, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել Բաքվի մերժողական դիրքորոշման պատճառով:

Այսօր Էդվարդ Շարմազանովն ասաց, որ առանց այդ պայմանավորվածությունների իրականացման՝ անհնար է բանակցություններում առաջընթացի ապահովումը․ «Միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի Ադրբեջանը չարհամարհի այն պարտավորությունները, որ ստանձնել է և ի վերջո չարհամարհի Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը: Դա ազդում է նաև համանախագահ երկրների վարկանիշի վրա»:

Ըստ ԱԺ փոխխոսնակի, Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքերի հիման վրա: Դրանց թվում առանցքային սկզբունքը, իշխող ուժի ներկայացուցչի խոսքով, պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:

Էդուարդ Շարմազանովն այսօր անդրադարձավ նաև շփման գծում վերջին օրերին արձանագրված լարվածության աճին: Լայնամասշտաբ պատերազմը հանրապետական գործիչը բացառում է: Կարծում է՝ գերտերությունները թույլ չեն տա: «Գործնականում բացառում եմ ու սա կապում եմ նաև Թրամփ-Պուտին հանդիպման հետ: Այսօր աշխարհում թիվ մեկ խնդիրը սիրիական ճգնաժամն է, և մենք տեսանք, որ ընդհանուր առմամբ՝ գոնե Սիրիայի հարավում երկու գերտերությունների նախագահները եկան ընդհանուր հայտարարի: Որևէ մեկն Ադրբեջանին թույլ չի տա նոր, մեծ թեժ կետ բացել սիրիական տարածաշրջանի մոտ», - ասաց Էդվարդ Շարմազանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG