Մատչելիության հղումներ

Բրյուսելն ու Մոսկվան մտադիր են ակտիվացնել երկկողմ շփումները․ Մոգերինի


Ֆեդերիկա Մոգերինիի և Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսը Բրյուսելում, 11-ը հուլիսի, 2017թ.
Ֆեդերիկա Մոգերինիի և Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսը Բրյուսելում, 11-ը հուլիսի, 2017թ.

Բրյուսելն ու Մոսկվան մտադիր են ակտիվացնել երկկողմ շփումները: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Բրյուսելում տեղի ունեցած բանակցություններից հետո:

Մոգերինիի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են բոլոր մակարդակներում ակտիվացնել մտքերի փոխանակումը արտաքին քաղաքական կարևոր թեմաներով: ԵՄ բարձր ներկայացուցիչը մատնանշել է Սիրիայի թեման, Հյուսիսային Կորեայի հարցը, իրավիճակը Լիբիայում և Մերձավոր Արևելքում:

Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է երկխոսության կարևորությունը՝ չնայած որոշ հարցերի շուրջ առկա տարաձայնություններին:

Լավրովը հայտարարել է, թե իր տպավորությամբ՝ իրավիճակը հետզհետե բարելավվում է: Եվրամիությունն ու Ռուսաստանը շարունակում են հարևաններ մնալ, և բոլոր խնդիրները պետք է լուծվեն համատեղ ջանքերով, շեշտել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Հիշեցնենք՝ Եվրամիությունը 2014 թվականից պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որոնք վերջերս երկարաձգվեցին ևս կես տարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG