Մատչելիության հղումներ

Եվրամիությունը ևս կես տարով երկարաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բրյուսելում, 22-ը հունիսի, 2017թ.

Երեկ ուշ երեկոյան Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովը ևս կես տարով երկարաձգեց Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները։

Գագաթնաժողովից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ ինքը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Եվրամիության անդամ մյուս երկրների ղեկավարներին են ներկայացրել Մինսկի համաձայնագրերի շրջանակներում նորմանդական ձևաչափով աշխատանքների ընթացքը։

Մերկելը հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու հարցում առաջընթաց չկա։ Նրա խոսքով՝ զինադադարը Ուկրաինայի արևելքում անընդհատ խախտվում է, և քաղաքական գործընթացը շարունակելու համար հիմքեր չկան։ «Նման հանգամանքներում մենք միաձայն որոշել ենք երկարաձգել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ», - ասել է Մերկելը։

Գագաթնաժողովին Գերմանիան և Ֆրանսիան ստացել են ուկրաինական ճգնաժամը կարգավորելուն ուղղված նորմանդական ձևաչափի շրջանակում աշխատանքները շարունակելու հարցում մյուս եվրոպական երկրների ղեկավարների աջակցությունը։

Հիշեցնենք, Եվրամիությունը Ռուսաստանի դեմ երեք տարբեր ուղղություններով պատժամիջոցներ է սահմանել։ Երեկ երկարաձգված պատժամիջոցներն ուղղված են նավթային, ռազմական և ֆինանսական ոլորտներում աշխատող ռուսաստանյան պետական ընկերությունների դեմ։ Պատժամիջոցները գործելու են առնվազն մինչև 2018-ի հունվարի 21-ը։ Մյուս երկու պատժամիջոցները վիզային սահմանափակումներն են Ռուսաստանի որոշ քաղաքացիների համար, և գործում են նաև պատժամիջոցներ Ղրիմի դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG