Մատչելիության հղումներ

Ադրբեջանն այն պետությունը չէ, որին կարելի է զենք վաճառել, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքին։

«Զենք վաճառում են այն երկրներին, ովքեր որ դա օգտագործում են կամ նպատակ ունեն օգտագործելու ինքնապաշտպանական նպատակներով։ Ես հույսով եմ, որ ժամանակի ընթացքում բոլորը դրանում կհամոզվեն», - ասաց Շարմազանովը՝ շարունակելով. - «Մյուս կողմից դա չպետք է խոչընդոտի հայ-ռուսական ռազմավարական, ռազմաքաղաքական հարաբերությունների խորացմանը։ Ռուսաստանի հետ մենք ունենք իրավապայմանագրային շատ հարուստ բազա և պաշտպանության ոլորտում շատ լուրջ համագործակցություն ենք ապահովել, ապահովում և ապահովելու ենք»։

Նա ևս մեկ անգամ ընդգծեց՝ հիացած չեն այս գործարքով և մեկ անգամ չէ, որ իրենց դժգոհությունը հայտնել են այս ուղղությամբ։

Հիշեցնենք, օրերս ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջան է հասել ռուսական ժամանակակից սպառազինության հերթական խմբաքանակը։ Մեծ քանակությամբ արկերը, հրթիռները, ռազմական սարքավորումները նախատեսված են հրթիռահրետանային համակարգերով ռազմական միջոցների, ինժեներական կառույցների, կենդանի ուժի և այլ օբյեկտների ճշգրիտ և տարածական խոցման համար:

Անդրադառնալով լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հավանականությանը, ԱԺ փոխնախագահը գործնականում բացառեց այն։

«Բացառում եմ լայնամասշտաբ պատերազմը, որովհետև դա թույլ չեն տա մեծ տերությունները, դա ձեռնտու չէ մեծ տերություններին», - ասաց Շարմազանովը՝ հավելելով. - «Բայց քանի դեռ Ադրբեջանը ամբողջությամբ չի վերադարձել բանակցային սեղան և մտել կառուցողական փուլ, ես Ադրբեջանի ղեկավարությունից որևէ տրամաբանված գործողություն չեմ սպասում»։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG