Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը բացասական է գնահատում սպառազինության մատակարարումն Ադրբեջան


Ռուսական արտադրության «Սոլնցեպյոկ» հրթիռային համակարգ

Պաշտոնական Ստեփանակերտը բացասական է գնահատում ցանկացած երկրից սպառազինության մատակարարումն Ադրբեջան: Այսօր այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարաի տեղակալ Դավիթ Բաբայանը, նաև հավելելով՝ չի համարում, թե ռուսական զենքի մատակարարումներն Ադրբեջան ուղղված են հայության դեմ: Ըստ նրա, դա ռուսական կողմի բիզնեսն է:

«Սա պարզապես բիզնես է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, որը մեր կարծիքով ճիշտ չէ, Ադրբեջանն այն պետությունը չէ, որին պետք է նման զենք մատակարարել: Բայց դա Ռուսաստանի ներքին գործն է, և կրկին պետք է ասենք՝ ինչքան էլ տարօրինակ չլինի, այդ զենքի մրցավազքն ինչ-որ ձև պահպանում է խաղաղությունն ու կայունությունը, որովհետև եթե կողմերն ունեն հզոր զենքեր, դա նաև զսպիչ հանգամանք է»:

Հարցին՝ «չէ՞ որ հենց այդ զենքով են ադրբեջանցիները կրակում հայկական ուժերի, հայաբնակ բնակավայրերի վրա»,- Բաբայանն արձագանքեց․ «Այո, միգուցե նրանք օգտագործում են այդ զենքերը, բայց եթե Ռուսաստանը չմատակարարի, այլ պետություն է մատակարարելու, նույն Իսրայելը, նույն Պակիստանը, բազմաթիվ այլ երկրներ մատակարարում են: Չգիտես ինչու միայն ռուսական կողմի մատակարարման վրա է սևեռված բոլորի ուշադրությունը: Ի վերջո՝ մենք էլ ունենք «Իսկանդեր» և այն մենք ձեռք ենք բերել Ռուսաստանից, չպետք է դա մոռանանք»:

Այսօր հայտնի դարձավ, որ Բաքվի նավահանգիստ են ժամանել ռուսական արտադրության ТОС-1А Солнцепек ծանր հրանետի, մոտ 200 հատ հրթիռներ, որոնց հեռահարությունը կազմում է 6 կիլոմետր: Հունիսին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր նաև Ռուսաստանից ստացված Хризантема-С հակատանկային հրթիռային համալիրներ ձեռք բերելու մասին: Դրանք նախատեսված են ինչպես տանկերի, զրահապատ մարտական մեքենաների, այնպես էլ հակառակորդի ամրությունների ոչնչացման համար:

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունիսի վերջին «Ազատության» խնդրանքով անդրադառնալով Ադրբեջան ռուսական սպառազինության մատակարարմանը, ասաց․ «Զենքի ցանկացած մատակարարում Ադրբեջանին շատ բացասական եմ դիտում այն պարզ պատճառով՝ որովհետև Ադրբեջանն անկանխատեսելի երկիր է ժողովրդական վերահսկողության մեխանիզմների բացակայության պատճառով»:

«Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, ով քաջատեղյակ է շփման գծում տիրող իրավիճակին, ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել է․ «2016-ի ապրիլին Ադրբեջանի զինուժի օգտագործած զինտեխնիկայից վտանգավորներն էին ռուսական արտադրության «Սոլնցեպյոկ»-ները և իսրայելական «կամիկաձե» հարվածային ԱԹՍ-ները։ Հենց դրանցով է հակառակորդը հիմնական վնասը հասցրել մեր զինուժին։ Ռուսաստանը նորից նույն զինատեսակից մեծ քանակությամբ վաճառել է Ադրբեջանին, նույնը արել է նաև Իսրայելը»:

Վերլուծաբան Արմեն Գրիգորյանի խոսքով, 2011 թվականից ի վեր, երբ ձախողվեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման կազանյան բանակցությունները, Ադրբեջանը ձեռնամուխ եղավ լայնամասշտաբ սպառազինմանը: «Ապրիլյան պատերազմից հետո սահմանին տեղակայված տեսախցիկները ցույց են տալիս, որ ապրիլյան սցենարը մի քիչ դժվարանում է, հանկարծակի հարձակման էֆեկտը չկա: Հիմա պետք է հասկանալ, թե Ադրբեջանն ինչպես է փոխելու մարտավարությունը: նույն այդ «Սոլնցեպյոկ»-ները, որը ստացել է, դրանք ապրիլյան պատերազմում էֆեկտիվ չեն աշխատել: Պատերազմը հայկական կողմին էլ ցույց տվեց, որ մեր տանկերն էֆեկտիվ չեն աշխատել»,- ասաց վերլուծաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG