Մատչելիության հղումներ

Մոսկվայի կողմից Բաքվին զենքի վաճառքը «սոսկ գործարք չէ»․ Ֆելգենգաուեր


Պավել ֆելգենգաուեր, արխիվ
Պավել ֆելգենգաուեր, արխիվ

Ռուսաստանցի փորձագետի խոսքով՝ «հստակ է միայն մի բան՝ Մոսկվային պետք է խաղաղապահներ տեղակայել հակամարտության գոտում՝ իր ազդեցությունը տարածաշրջանում պահպանելու և ավելի ուժեղացնելու համար»:

«Կարո՞ղ եք հիշել նախադեպ, երբ որևէ հակամարտության կարգավորման միջնորդ երկիր հակամարտող կողմերին հարձակողական զենք վաճառի»: «Ազատության» այս հարցին ռազմական հարցերով ռուսաստանցի հայտնի փորձագետ Պավել Ֆելգենգաուերը դժվարացավ պատասխանել․ «Գուցե եղել են նման դեպքեր, չեմ կարող հիշել, պետք է մտածել»:

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը, հայտնում են, որ Ադրբեջան է հասել ռուսական ժամանակակից սպառազինության հերթական խմբաքանակը։ Բաքվի նավահանգիստ հասած մեծ քանակությամբ արկերը, հրթիռները, ռազմական սարքավորումները նախատեսված են հրթիռահրետանային համակարգերով ռազմական միջոցների, ինժեներական կառույցների, կենդանի ուժի և այլ օբյեկտների ճշգրիտ և տարածական խոցման համար:

«Ռուսաստանից գնված նոր ռազմամթերքը կբազմապատկի ռազմաճակատում տեղակայված զորքի մարտական հնարավորությունները», - ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է մատակարարում երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Անգամ 2016 թ․ ապրիլյան պատերազմը որևէ փոփոխություն չմտցրեց Բաքվին զենք մատակարարելու՝ Ռուսաստանի ծրագրում:

Հայաստանի իշխանությունները մի քանի անգամ բավականաչափ զգույշ արտահայտություններով իրենց դժգոհությունն են հայտնել առ այն, որ Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավոր և թիվ մեկ ռազամավարական դաշնակիցը համարվող Ռուսաստանը հարձակողական զենք է վաճառում Հայաստանի հակառակորդին: Պաշտոնական Մոսկվան, սակայն, կամ չի արձագանքում այդ դժգոհություններին, կամ էլ հակադարձում է՝ Մոսկվան զենք է մատակարարում երկու կողմին էլ, ավելին՝ ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանին զենքը տրամադրվում է «ներքին գներով»։

«Ազատության» հետ զրույցում Պավել Ֆելգենգաուերը նշեց․ «Նման սպառազինության տրամադրման մասին որոշումներ, այն էլ մի տարածաշրջանում, որտեղ ընթանում են ռազմական գործողություններ, ընդունում է երկրի բարձրագույն ղեկավարությունը: Այսինքն՝ դա որակել որպես սոսկ գործարք, այնքան էլ տեղին չէ»:

Փորձագետի խոսքով, հաշվի առնելով Հայաստանի և Ադրեբեջանի բանակների ֆինանսավորման չափերի տարբերությունը, դժվար է խոսել այն մասին, որ Ռուսաստանը փորձում է պահպանել հավասարակշռությունը ։ Բացի այդ, ֆելգենգաուերի ընդգծմամբ, Մոսկվան համոզված է, որ Բաքուն ի վիճակի է զենք գնել նաև այլ երկրներից, իսկ Հայաստանը չի կարող սկզբունքորեն փոփոխել իր ռազամաքաղաքական կապերը․ «Սպառազինությունների հարցում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից շատ անգամ ավելին է»։

Փորձագետն այնուհետև շարունակում է․ «Ռուսաստանը ցանկանում է Հարավային Կովկասում դաշնակցային հարաբերություններ ունենալ նաև Ադրեբջանի հետ, իսկ զենքի վաճառքն Ադրեբջանին տեղավորվում է հենց այս ձևաչափի մեջ»։ Նրա կանխատեսմամբ, պատերազմն անխուսափելի է, սակայն «երբ կլինի այն և ինչ ձևաչափով, ասել հնարավոր չէ»։

Ֆելգենգաուերը դժվարանում է պատասխանել նաև հարցին, թե լայնամասշտաբ պատերազմի դեպքում ինչպիսի դերակատարություն կունենա Մոսկվան։ Նա համամիտ չէ արևմտյան փորձագետների այն պնդումներին, թե առանց Ռուսաստանի թույլտվության, Ղարաբաղում պատերազմ հնարավոր չէ: «Հստակ է միայն մի բան՝ Մոսկվային պետք է խաղաղապահներ տեղակայել հակամարտության գոտում՝ իր ազդեցությունը տարածաշրջանում պահպանելու և ավելի ուժեղացնելու համար»,- «Ազատության» հետ զրույցում ասաց ռազմական հարցերով փորձագետ Պավել Ֆելգենգաուէրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG