Ադրբեջանը փորձում է ռազմական ճանապարհով լուծել ղարաբաղյան խնդիրը։ Այսօր «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ մինչ օրս Ադրբեջանը որևէ կամք չի դրսևորել՝ բանակցությունների միջոցով որոշակի հարցեր լուծելու համար։
«2011 թվականից սկսած, երբ որ մեծ հաշվով Կազանը ձախողվեց, Ադրբեջանը գնաց ավելի շառ ռազմամթերքի և ռազմական հնարավորության շնորհիվ խնդիրը լուծելու ճանապարհով։ Կարելի է ասել՝ ամբողջովին պատրաստվում էր ապրիլյան պատերազմին։ Դա շարունակվում է մինչև այսօր։ Հստակ է, որ Ադրբեջանը գնում է խնդիրը ռազմական ճանապարհով լուծելուն։ Բայց այստեղ մի քանի հանգամանք կա, որ պետք է հաշվի առնել, նախ՝ սահմանին ապրիլյան պատերազմից հետո տեղակայված տեսախցիկները, որոնք ցերեկը մինչև 35-40 կիլոմետր, գիշերը՝ մինչ 10-15 կիլոմետր ցույց են տալիս, մի քիչ ապրիլյան սցենարը դժվարանում է՝ որ հանկարծակի հարձակվեն», - ասաց քաղաքագետը։
Ըստ Գրիգորյանի, Ադրբեջանը անընդհատ գնում է մարտավարության փոփոխության և հայկական կողմը պետք է հասկանա, թե Ադրբեջանն ինչպես է փոխելու մարտավարությունը։
«Ադրբեջանը սկսած 2011-ից անընդհատ գնում է մարտավարության փոփոխության։ Երբ որ այս տարի փետրվարի 25-ն էր, եթե չեմ սխալվում, հայկական կողմը տեսախցիկների միջոցով 6-7 հոգանոց դիվերսիոն խումբ հայտնաբերեց, ոչնչացրեց, Ադրբեջանը գնաց այլ ճանապարհով՝ հեռվից կրակելով. վերջին երեք վիրավորները, որ ունեցել ենք, ադրբեջանցիներն առաջնագծում հեռվից են կրակել», - ասաց քաղաքագետը՝ շարունակելով. - «Այս պահին լայնամասշտաբ պատերազմի դեռ նախանշաններ չկան, որովհետև լայնամասշտաբի խնդիրը նաև այն է, որ երկու կողմն ունի փոխադարձ ոչնչացման շատ զենք, և լայնածավալը դրա համար դժվար կլինի: Հիմա պետք է հասկանալ, թե Ադրբեջանն ինչպես է փոխելու մարտավարությունը»։
Նշենք, որ այսօր ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը, հայտնեցին, որ Ադրբեջան է հասել ռուսական ժամանակակից սպառազինության հերթական խմբաքանակը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել՝ այստեղ