Մատչելիության հղումներ

«Ես բոլորի հետ եմ պատրաստ համագործակցել». Արմեն Մարտիրոսյան


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարում է, որ ինքը ևս պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ, եթե «կա փոքր ինչ շանս՝ երկրում ստեղծված իրավիճակը փոխելու համար»։

«Ես բոլորի հետ եմ պատրաստ համագործակցել, եթե կա փոքր-ինչ շանս՝ երկրում ստեղծված իրավիճակը փոխելու, եթե կա փոքր-ինչ շանս` երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելու, եթե կա փոքր շանս՝ երկրում չունենալ քաղբանտարկյալներ, ինչպես հիմա է՝ այն էլ բազմաթիվ, եթե փոքր շանս կա՝ ինքնիշխանությունը վերահաստատելու, որովհետև Հայաստանը, ցավոք սրտի, ինքնիշխան պետություն չէ։ Ըստ էության, այն օրը՝ ՆԱՏՕ-ի հետ կապված այդ քննարկման ժամանակ, բառացի ասաց Գերմանիայի դեսպանը, առկա փաստ արձանագրեց՝ «Ռուսաստանին կանչեք, թող տեսնի, որ ոչ մի բան չկա»։ Դա խայտառակություն է ուղղակի, ինքնիշխան պետության պարագայում չեն ասի՝ «ինչ-որ մեկին կանչի»։ Այսինքն՝ դիվանագիտական լեզվով ասաց այն, ինչ մենք ասում ենք՝ «Հայաստանի իշխանությունները որոշում կայացնելու հնարավորություն այս պահին այլևս չունեն և իրենք Ռուսական որոշումներից են կախված։ Դրա համար այն կարևորագույն կետերը, մարտահրավերները, որոնք մեր առջև կանգնած են, այդ հարցերը լուծելու համար, ես միշտ պատրաստ եմ համագործակցել», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, ավելի վաղ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը չէր բացառել, որ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու որոշումը կարող է փողոցային պայքարի առիթ դառնալ, ինչն էլ հնարավոր է հանգեցնի «թավշյա հեղափոխության»:

Հովհաննիսյանն այս հարցում նաև համագործակցության առաջարկ էր արել քաղաքական ուժերին` հորդորելով պայքարել «սերժապետության դեմ»:

Մարտիրոսյանն ասաց, որ համոզմունք ունի՝ իշխանափոխությունը պետք է տեղի ունենա քաղաքացիական ակտիվ դրսևորմամբ։

«Այսինքն խաղաղ անհնազանդությամբ, խաղաղ ապստամբությամբ, համընդհանուր բողոքի ակցիաներ։ Այդ դեպքում ես համոզված եմ, որ կլինի, երկրորդ՝ այնուամենայնիվ ես կարծում եմ, որ հայի արյունը իսկապես հիմա շատ թանկ արժե, որպեսզի մենք միմյանց վրա կրակենք», - ասաց «Ժառանգության» փոխնախագահը՝ շարունակելով. - «Ես հույս ունեմ, որ եթե հասարակությունն իսկապես ամբողջովին ոտքի կանգնի, մենք իրավիճակի փոփոխություն կտեսնենք։ Հիշում ենք բոլորս Սերժ Սարգսյանի ասածը դեռևս 2013 թվականին, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ասաց՝ «30 հազար մարդ ցույց տուր, նստեմ, հետդ խոսեմ»։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել՝ այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG